17:06 , 10 մայիս, 2016
Հայաստանը որևէ սպառնալիք չի հանդիսանում, մանավանդ ատոմային զենք ունենալու հարցով ոչ տարածաշրջանի և ոչ էլ աշխարհի համար. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում միջուկային զենքն արդեն ստեղծված է, որին արդեն իսկ անդրադարձել է միջազգային մամուլը:
«Հայաստանը խաղաղություն քարոզող երկիր է, և եթե տարածաշրջանում միջազգային մամուլը սպառնալիք է փնտրում, երկար պետք չի փնտրել՝ դրանք Թուրքիան ու Ադրբեջանն են, մի քիչ ավելի ներքև՝ հարավ, «Իսլամական պետությունն» է: Հայաստանը խաղաղասեր երկիր է, և պարոն Բագրատյանի ասածն իր մասնավոր կարծիքն է, իսկ ՀՀ իշխանությունների և քաղաքական էլիտայի կարծիքը պարզ է, մենք ատոմակայանն օգտագործում ենք խաղաղ նպատակով՝ էլեկտրական էներգիա արտադրելու համար»,- ասաց նա:
Շարմազանովն անդրադարձավ նաև «Պանամական փաթեթում» ՀՀ նոր քաղաքացիների անունների հրապարակմանը, որտեղ 37 ՀՀ քաղաքացիների անուններ են նշվում:
«Բոլոր նրանք, ովքեր որևէ խնդիր ունեն, որևէ անօրինական գործարք են իրականացրել, անկախ նրանից, թե ովքեր են, պետք է հետաքննություն անցկացվի: Բայց այս պահին որևէ բան չեմ կարող ասել, բացի Միհրան Պողոսյանից այլ պաշտոնյայի անուն չի հանդիպել, այս պահին գոնե չենք տեսել»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչ պատիժ կարող է սահմանվել, երբ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին վարչապետը հրաժեշտ էր տալիս՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, Շարմազանովը պատասխանեց. «Ժողովրդավարության վերաբերյալ խոսելիս անմեղության կանխավարկածը պետք է հաշվի առնել, քանի դեռ դատարանը չի ապացուցել այս կամ այն քաղաքացու մեղավորությունը, այդ մարդն անմեղ է»: