Ցեղասպանությունն այն թեման չէ, որը կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք. Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը՝ Գերմանիային


14:18 , 10 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը քննարկվելու է Բունդեսթագում: Այս մասին տեղեկացնում է Anadolu լրատվական գործակալությունը:

«Մեզ համար որևէ նշանակություն չունեն երրորդ երկրների խորհրդարանների կողմից պատմությունը քաղաքականացնելու փորձերը, որոնք էլ ավելի են սրում հարցը: Ցեղասպանությունն այն թեման չէ, որը կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք: Անկարան առանց այն էլ առաջարկել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ այդ հարցի մանրակրկիտ հետազոտման համար: 1915 թվականի դեպքերն ուսումնասիրելու մասին Թուրքիայի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ:

Մենք Գերմանիայի իշխանություններին հայտնել ենք այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումը և ափսոսանքով հետևում ենք, որ վերջին տարիներին Բեռլինը հավատարիմ չէ չեզոք քաղաքականությանը: Նման մոտեցումը վիրավորում է թուրքական արմատներով Գերմանիայի քաղաքացիներին և ընդհանրապես թուրք ժողովրդին:

Համոզված եմ, որ Գերմանիան կհիշի՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» հնչեղ գործով: 1915 թվականի դեպքերի վերաբերյալ որոշումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա: Մենք Գերմանիայի խորհրդարանին կոչ ենք անում առողջ մտածողության ու դատողության»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բունդեսթագի փոխնախագահ, Կանաչների կուսակցության անդամ Կլաուդիա Ռոտը հույս էր հայտնել, որ Բունդեսթագում ներկայացված խորհրդարանական խմբերը ևս մեկ անգամ «վիզ չեն ծռի» Թուրքիայի առջև և հունիսի 2-ին կընդունեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: