Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությանը դուր չի գալիս ԱՄՆ ներկայությունը Պարսից ծոցում


14:17 , 10 մայիս, 2016
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությանը դուր չի գալիս ԱՄՆ ներկայությունը Պարսից ծոցում:

Այս մասին է խոսում ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավիի` իրանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը, որն ամբողջությամբ, թվում է, նախազգուշացում և չափավորության պահպանման կոչ ԱՄՆ-ին:

Ֆադավին, իր ելույթում, նշելով, որ Պարսից ծոցը և Հորմոզի նեղուցը ռազմավարական առումով աշխարհի ամենակարևոր կետերից են, որտեղ Իրանը վերահսկում է ամենաերկար ափը և խոշոր դերակատարություն ունի ամբողջ ծոցում, ամերիկյան նավերի ներկայությունը Պարսից ծոցում համարում է որոշ երկրների թուլության, սեփական շահերը ինքնուրույնաբար պաշտպանել չկարողանալու արդյունք:

Ըստ ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարի` ամերիկացիները շատ լավ գիտեն, որ եթե փորձեն, խախտելով կարմիր գիծը, սպառնալիք ստեղծել Իրանի համար, ապա իրենց նավերը ծոցում կխորտակվեն: