«Հրապարակ». Մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասը ու թանկացնել ալյուրի գինը


10:30 , 10 մայիս, 2016

«Պարզվում է՝ Արցախում Սամվել Ալեքսանյանի «հայրենասիրական» նկրտումներն ու բանակին ցուցաբերած օգնությունն իրենց գինն ունեն, որը վճարվելու է մեր բոլորիս գրպաններից։ Մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասը ու մայիսի 2-ից 1 դոլարով թանկացրել է մեկ պարկ ալյուրի գինը։ 15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը։ Տարեսկզբին այս գործարանը 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում էր 29,2 դոլարով, իսկ երբ սկսեց Ռուսաստանից ալյուր ներկրել, ալյուրի գինն աստիճանաբար իջավ-հասավ 22 դոլարի։ Ալյուրի գները նշում ենք դոլարով, քանի որ տնտեսվարողները հավաստիացնում են, որ Ալեքսանյանին պատկանող գործարանից ալյուրը կարելի է ձեռք բերել բացառապես դոլարով։ Իսկ մայիսի երկուսից 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը դարձել է 23 դոլար։ Ու որպեսզի գործարար-պատգամավորը «պալիտ» չլինի, հրահանգել է, որ ալյուրի շուկայում մյուս խոշոր ընկերությունը՝ «Մանանա գրեյնը», նույնպես դիմի այդ քայլին։ Այս երկու ընկերություններին է բաժին հասնում ալյուրի շուկայի 80 տոկոսը։ Մյուս ընկերություններում հիմնականում գնային փոփոխություններ չեն նկատվում։


Երեկ մեզ չհաջողվեց կապվել գործարարի հետ, «Բաղրամյանի ալրաղացի» արտադրամասի պետ ներկայացած Սայաթը մեզ հայտնեց, որ ինքն արտերկրում է՝ Ռուսաստանում, տեղյակ չէ՝ ալյուրը թանկացել է, թե ոչ։ «Ցորենի հետ կապված՝ կարող է թանկացում լինի»,– փորձեց գուշակել նա։ Ալրաղացի հաշվապահության ներկայացուցիչն էլ հայտնեց, որ բարձր որակի ալյուրը դարձել է 10.560 դրամ. «Մեկ դոլար թանկացել է, երևի ցորենի գնի հետ կապված»։

Խոսեցինք նաև «Մանանա գրեյն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի հետ։ Նա էլ ասաց, թե թանկացումը պայմանավորված է ցորենի գներով։ Հետաքրքրվեցինք, թե ինչու է Ռուսաստանում ցորենը թանկացել։ «Ինչ իմանամ։ Որ թանկացնում են, պիտի ասե՞ն»։ Նիկողոսյանը ենթադրեց, որ գուցե «սեզոնի» վերջ է, ու նոր ցորենը պետք է դուրս գա, այդ պատճառով են թանկացրել։ Նկատեցինք, որ նման դեպքում տրամաբանորեն պետք է էժանանա։ «Նայած տարի»,– հակադարձեց Նիկողոսյանը։ Չհիշեց նաև՝ անցած տարի «սեզոնի վերջում» ցորենը թանկացել է, թե էժանացել։ Փորձեցինք ճշտել, եթե ցորենը թանկացել է, ինչու հայաստանյան ոչ բոլոր ալյուր արտադրող ընկերություններն են ապրանքի գինը թանկացրել։ «Ինֆորմացիա չունեմ»,– պատասխանեց նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։