Տարօրինակ է, որ Երևանում չկա Արցախի ազատագրության և պաշտպանության համար զոհվածներին նվիրված հուշահամալիր


01:47 , 9 մայիս, 2016

Վաշինգթոնի ամենակենտրոնում` Սպիտակ տան դիմաց կա մի հուշահամալիր, որտեղ անուն առ անում գրված են Վիետնամի պատերազմում զոհված բոլոր զինծառայողների անունները` ԲՈԼՈՐ: Նույնը կարելի է հանդիպել ասենք Իտալիայում, որտեղ քաղաքների ամենակենտրաններում տեղակայված հուշահամալիրներում գրված են Իտալիայի անկախության և վերամիավորման համար զոհվածների անունները` ԲՈԼՈՐ: Հռոմի ամենակենտրում անկախության համար պայքարողներին նվիրված կոթողը` Ազգի Խորանը, իր ազդեցիկությամբ գերազանցում է Կոլիզեյը, պերճաշուք տաճարները և Հին Հռոմի կայսրերի պալատները: Դա ոչ միայն նրանց հիշատակը հարգելու համար է, այլ նրա համար, որ ամեն օր անցնելով այդ համալիրների մոտով, եկող սերունդները հիշեն, որ այն ամենը ինչ տեսնում են իրենց շուրջը, նրանց շնորհիվ է, որ կա: Դա կարևոր օրինակ է բոլորի համար: Այդպես է ԱԶԳ ձևավորվում: Խոսքը ԱԶԳ-ի մասին է, այլ ոչ թե էթնոսի, ցեղի կամ ծագման: Իսկ ազգը ծնվում է պատերազամների ժամանակ, որքան էլ դա դաժան չհնչի: Տարօրինակ է, որ Երևանում նման հուշահամալիր չկա, որը նվիրված լինի Արցախի ազատագրության և պաշտպանության համար զոհվածներին: Խոսքը չի գնում այն վայրերի մասին, որտեղ նրանց աճյուններն են, այլ հենց` հուշահամալիրների: Իմ կարծիքով ամենահարմար վայրը Օպերայի շրջակայքն է, որտեղ այժմ տեղակայված են սրճարանները: Դա նաև երկրի փիլիսոփայության փոփոխության խորհրդանիշը կլինի: