Ոզնու սերը


16:25 , 25 հունվար, 2013

Ոզնին սիրահարվել էր բարդուն:
Մի փոքրիկ բույն էր հյուսել՝ հենց բարդու արմատների մոտ, և ամեն օր վայելում էր սիրելիի անհաս ներկայությունը: Օրվա մի քանի ժամը բույնը դատարկ էր լինում. ոզնին գնում էր մանդարինի տերևներ հայթայթելու: Բանականությանն անհասկանալի պատճառներով գեղեցկուհի բարդին նախընտրում էր հենց այդ տերևների բույրը:
Ոզնին ապրում էր նրանով: Նրա համար արևը սլացիկ բարդու խիտ սաղարթներն էին: Փոքրիկ թաթիկներով բռնվելով՝ ամեն օր փորձում էր վեր բարձրանալ, վերջապես հասնել իր տենչած երազանքին, բայց... Բնությունը չէր հասկանում նրան, և սիրահարված ոզնին ամեն անգամ ընկնում էր ցած: Իսկ բարդին շարժում էր ճյուղերը և զվարճանում՝ վերևից դիտելով ամենօրյա տեսարանը:
Մի օր ոզնու բույնն այդպես էլ մնաց դատարկ: Ոզնին չհայտնվեց նաև հաջորդ օրը: Վերջապես երրորդ օրը, հազիվ ոտքերը քարշ տալով, ոզնին հասավ բարդուն և գետնին դրեց իր հետ բերած մանդարինի մեկ տերևիկը: Ոզնու թաթիկներն արյունոտված էին, ինքն էլ՝ թուլացած և ուժասպառ: Բարկացավ բարդին, թափ տվեց հսկա ձեռքերը և մի մեծ ճյուղ կոտրվելով ընկավ ոզնու վրա: Բարդին մռայլվեց, բայց մանդարինի տերևի բույրը շուտով մոռացության մատնեց ճյուղի կորուստը:
Ոզնու բույնն այդպես էլ մնաց դատարկ, իսկ բարդին արդեն կարոտում էր մանդարինի տերևները և...չէր էլ հիշում, թե ոնց էին դրանք ամեն օր հայտնվում իր ոտքերի մոտ: