Ղարաբաղը պետք է ճանաչեինք շատ վաղուց. Արման Նավասարդյան


13:32 , 7 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանն ընկել է հիստերիայի մեջ ու չի բացառվում, որ մայիսի 8-ին, 9-ին՝ ռազմական գործողություններ սկսի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Վերջինս նշեց, որ իրադրության մեջ ԼՂ ճանաչման հարցը Հայաստանի կամ որևէ այլ պետության կողմից բացարձակ չի հակասում որևէ միջազգային օրենքի։

«Արցախի ճանաչման գործընթացի հետևանքների հետ կապված դժվարանում եմ ասել, որովհետև կարող է լինել երկակի հետևանք։ Արդյո՞ք կփոխվի» իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ պատերազմի վերսկսումն այդքան էլ կա ճիշտ չէ կապել ՀՀ կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հետ»,- ասաց նա։

Արման Նավասարդյանը նշեց, որ միջազգային դիվանագիտության մեջ կան չճանաչված պետությունները ճանաչելու օրինակներ (Հարավային Օսիա, Աբխազիա, Թուրքայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչում), ինչը, սակայն, արդյունք չի տվել։ 

Անդրադառնալով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հնարավորության շուրջ Մոսկվայից հնչեցված գնահատականներին, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ Ռուսաստանը հայտարարում է, թե տեղյակ չէ ՀՀ մտադրությունից․«Դրանով գալիս ենք այն եզրակացության, որ Ռուսաստանը չի նպաստում այդ գործընթացին, ԱՄՆ-ն լռում է, իսկ Թուրքիան պահում է տարածությունը։ Ադրբեջանը, կարծում եմ, կհրահրի լայնամասշտաբ պատերազմ, բայց կրկնում եմ՝ դա կապված չի լինի Ղարաբաղը ճանաչելու հետ»։

Արման Նավասարդյանը նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է վերանալ՝ ասելով, որ ՄԽ համանախագահների ինստիտուտը չգործող մեխանիզմ է։ «Հետաքրքիր է, որ այս առումով Ադրբեջանը, որը քննադատում էր Մինսկի խումբը, հիմա վայնասուն է բարձրացրել, որ վայ, այդ կառույցը կմեռնի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, իսկ ԼՂ ճանաչումից հետո բանակցությունները կավարտվեն, Նավասարդյանը նշեց, որ այսօր պարադոքսալ իրավիճակ է, կարող են սկսել լայնամասշտաբ գործողություններ։

«Հարցը, որ բարձրացվել է, ունի պրոպագանդիստական նյուանս, վախեցնել՝ մեծ պետություններին, որ նման բան էլ կա, որ մենք կարող ենք ճանաչել Ղարաբաղը։ Իսկ Ղարաբաղը պետք է ճանաչեինք շատ վաղուց ու այսքան արյուն, երևի, չթափվեր։ Հիմա Ղարաբաղը պետք է մտցնել բանակցային գործընթացի մեջ։ Սա է մեր առաջին խնդիրը»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ դիվանագիտությունն այսօր լռում է, խոսում են հրանոթները։