22:20 , 6 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Թոշակառու Արուս Հարությունյանը Tert.am-ի խմբագրություն էր զանգել՝ նշելով, որ այս օրերին սկսել է թոշակների բաժանումը և «Հայփոստի» ծառայություններում մեծ հերթեր են գոյացել:
Նրա դժգոհությունն այն էր, որ ստիպված են ժամերով սպասել իրենց հերթին՝ ոտքի վրա կանգնած: «Մոտակայքում ծերերի համար նստարաններն ի՞նչ է, որ չկա, մեղք չե՞նք, հիվանդ այդքան կանգնել կլինի՞»,- դժգոհեց նա:
Թոշակառուն պահանջում էր համապատասխան կառույցին տեղեկացնել, որ նստարաններ տեղադրվեն «Հայփոստի» ծառայությունների մոտակայքում: Խմբագրություն զանգահարած թոշակառուն Սարյան փողոցի Կենտրոնական բաժանմունքից է իր թոշակը ստանում:
Tert.am-ի հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը խոստովանեց, որ կոնկրետ նշված «Հայփոստի» մոտակայքում նստարաններ չկան, քանի որ այդ հատվածում վերանորոգում չի իրականցվել: «Երբ վերանորոգման աշխատանքներ սկսվեն, դա նույնպես հաշվի կառնվի»,- ասաց նա: