18:54 , 6 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին Հայաստանի շահած տանկի մասին ռեպորտաժների հեղինակ Արմենուհի Վարդանյանը, որպես հայ մարդ և որպես լրագրող, բավարարված է այն շոշափելի արդյունքով, որն արձանագրվեց ապրիլի 27-ին Հայաստան բերված Տ-90Ս տանկի տեսքով։
Tert.am-ի հետ զրույցում «Տանկային բիաթլոն-2014» Արմենուհին ներկայացրեց իր հիմնական զգացողություններն այժմ, երբ տանկը Հայաստանում է։
«Ցանկացած կառույց բավարարված կհամարեր այն արդյունքով, որ արձանագրվեց: Ես՝ որպես լրագրող, բավարարված եմ իմ աշխատանքի արդյունքով: Բնականաբար ինձ համար շատ կարևոր էր, որ մեր քաջ տանկիստների արդյունքը շոշափելի դարձավ: Եվ դա իսկապես կարևոր է մեզ համար, որովհետև 2 տարի շարունակ որևէ բան չէր արվել, և ընդամենը հավաստագիր շնորհելով՝ համարում էին իրենց առաքելությունը ավարտված: Եվ երկարատև ու շատ կարևոր աշխատանքի արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,-տանկի՝ Հայաստան բերելուց հետո իր հիմնական զգացողությունները ներկայացրեց Արմենուհին:
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրին հայ տանկիստները՝ մասնակից 12 երկրների ներկայացուցիչների շարքում, սակայն մրցույթի կազմակերպիչ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը 2 տարի շարունակ չէր տրամադրում Հայաստանի մրցանակը՝ Տ-90Ս տանկը՝ բավարարվելով միայն հավաստագրով:
ԳԱԼԱ-ի թղթակիցը տևական ժամանակ գրավոր հարցումներ է ուղղել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարություններ. հայաստանյան գերատեսչությանը՝ հարցով, թե ինչո՞ւ մրցանակը ստանալու պահանջով չեն դիմել ՌԴ պաշտպանության նախարարություն։
Ի վերջո, ապրիլի 27-ին տանկը տեղափոխվեց Հայաստան և համալրելու է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը:
Արմինեն տանկի դիմավորման արարողությանը չի մասնակցել, սակայն այսքանից հետո նրա լրագրողական առաքելությունը ավարտված չի համարում, քանի որ սպասում է ՌԴ Պաշտպանության նախարարության պատասխանին, թե ինչու տանկը երկու տարի շարունակ Հայաստան չէր տեղափոխվում:
«Ընդամենը կուզենայի շեշտել, որ այն, ինչ լուսաբանվել է ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից` տանկին առնչվող, մեր կատարած աշխատանքի ընդամենը երևի 50 տոկոսն է, որովհետև մեծ աշխատանք է տարել մեր մոսկովյան թղթակիցը. այս աշխատանքը ենթադրել է ՌԴ-ում մեծ կապերի, բարձրաստիճան անձանց հետ հանդիպումներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ»,-ընդգծեց լրագրողը:
Հիշեցնենք, որ տարբեր զեկույցների համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 90 միավոր Տ-90Ս տանկ է ձեռք բերել: Եվ Արմինեն ուրախ է, որ մեր տանկիստները մեր տանկով կուսումնասիրեն այն՝ հասկանալու այդ մեքենայի թերություններն ու առավելությունները: