16:06 , 6 մայիս, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաևն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ առկա է երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մեծ ներուժ, որը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ ջանքերը:
Հանրապետության Նախագահը կարևորել է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հատկապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում հայ-ղազախական հարաբերությունների զարգացումը՝ ուղղված փոխադարձ շահերի հարգման վրա և ելնելով դաշնակցային համերաշխությունից: