15:59 , 6 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Եվրոպացիները հիասթափվել են Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական գործիչների խոստումներից: Դրանով է բացատրվում Եվրամիության երկրներում ամբոխավարական տրամադրությունների աճը, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, հայտնում է Ռիա Նովոստին:
«Եվրոպան խոստում է, սակայն խոստում, որը չի կատարվել»,- Եվրամիության ապագայի մասին Հռոմում կազմակերպված քննարկումների ժամանակ նշել է Մարտին Շուլցը:
Նրա խոսքով` Եվրամիության երկրների բնակչությունը «անարդարության զգացողություն» ունի, երբ եվրոպացի ղեկավարները, չիրականացնելով «ավելի շատ զբաղվածություն, ծառայություններ և աճ» ապահովելու խոստումները, շարունակում են նոր հարկեր պարտադրել, և դա էլ «բանկերին փրկելու համար»:
«Սա այն Եվրոպան չէ, որ եվրոպացիները ցանկանում են տեսնել»,- ընդգծել է Եվրախորհրդարանի նախագահը:
Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում եվրոպական շատ երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում և այլուր տեղի են ունեցել և շարունակվում են զանգվածային գործադուլներ: Եվրոպացիները բողոքում են իրենց երկրներում հարկերի բարձրացմանը զուգահեռ աշխատավարձերի, աշխատաժամանակի և սոցիալական ապահովության կարգից: