Կարծում եմ Բունդեսթագը հավանության կարժանացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. պատգամավոր


11:16 , 6 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի կարծիքով՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը հավանության կարժանացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

«Այո, կարող եմ հայտարարել, որ հունիսի 2-ին ցեղասպանության բանաձևը Բունդեսթագի լիագումար նիստում քվեարկության է դրվելու և կարծում եմ՝ բանաձևի ընդունման հարցում մենք կունենք մեծամասնություն, և հավանության կարժանանա բանաձևը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավորը:

Ըստ նրա, այս պահին դեռևս բանակցություններ են ընթանում խմբակցությունների միջև:

«Կարող եմ նաև արդեն հայտարարել, որ «ցեղասպանություն» բառը բանաձևում տեղ է գտնելու, ինչպես նաև  բանաձևում անդրադարձ է լինելու Կայսերական  Գերմանիայի պատմական պատասխանատվությանը, և ինչպես նաև կարևոր կետ է առանձնացվել, որ Գերմանիան աջակցի Հայաստանի և  Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը»,-ասաց նա՝ ի պատասխան այն հարցի, որ Թուրքիայի դեսպանը Գերմանիայում հորդորել էր, որ խուսափեն բանաձևում «ցեղասպանություն» բառի կիրառությունից՝ հայտարարելով, որ դա հարվածի տակ կդնի հայ-թուրքական հարաբերությունները:

Հարցին, թե հաշվի առնելով թուրքական ազդեցիկ գործոնը, արդյո՞ք նկատվում են ճնշումներ, Ալբերտ Վայլերին պատասխանեց, որ արդեն իսկ թուրքական կողմից կան որոշակի արձագանքներ բանաձևի հետ կապված:

«Սակայն ասեմ, որ ինչպես կոալիցիոն կուսակցությունները՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, քրիստոնեա-սոցիալական միությունը և Գերմանիայի սոցիալ-տնտեսական միությունը, այնպես էլ ընդդիմադիր կանաչները ղեկավարության մակարդակով հայտարարել են, որ հունիսի 2-ին դա արվելու է, և ինձ համար էլ ևս կարևոր է, որ ընդունվի բանաձևը»,-ասաց նա: