Մեր ազատագրած հողերն «անվերադարձ» են, ինչպես դրանց համար զոհված մեր տղաները


06:37 , 2 մայիս, 2016
Այսօր այցելեցի վերջին ռազմական գործողություններում զոհված երկու տղաների ընտանիքներին Հադրութ քաղաքում՝ ցավակցելու և ծանոթանալու նրանց սոցիալական պայմաններին ու կարիքներին: Անկախ նրանց վերքի թարմությունից՝ ակնհայտ էր ընտանիքների արժանապատվությունը և ցավին դիմակայելու պատրաստակամությունը: Մի դրվագ ստիպեց ինձ գնալ մանկությունս և գիտակցել, որ պատմությունը կրկնվում է սերնդեսերունդ… Քաղցր զրույցի էի բռնվել զոհված սպաներից մեկի 4-ամյա որդու հետ, ով անընդհատ մուլտֆիլմ էր դիտում, գուշակեք, թե ինչ մուլտֆիլմ՝ ոչ թե «Մաշան և արջը» կամ «Թոմը և Ջերին», այլ՝ «Կիլդիմը»: Համով բալիկ էր… Մայրը պատմեց, որ մի քանի օր առաջ կրտսեր որդին եկավ տուն և ասաց. «Մամ, ինչու՞ ես խաբել, որ պապան դիրքերում է, գիտեմ, որ մեռած է»… Մայրը հարցրել է, թե ինչ է մեռած լինելը, ասել է. «Էն, որ փոսն են դնում ու հողով ծածկում»… Բարեբախտաբար, թե դժբախտաբար, դժվար թե 4-ամյա բալիկն իմանա, որ «մեռած լինելը» անվերադարձ կարգավիճակ է: Ես հիշեցի ինձ՝ 4 տարեկանում, երբ իմ հայրը նույնպես զոհվեց պատերազմում: Հուղարկավորության ժամանակ և դրանից հետո մայրիկիս հարցնում էի, թե ուր են տարել հայրիկին, ասում էր, որ մի քանի ամսից կգա: Իհարկե, զգում էի, որ ինչ-որ բան այն չէր, բայց միայն տարիների ընթացքում գիտակցեցի, որ այդ «ինչ-որ բան այն չէ»-ն անվերադարձ է, ինչպես և հայոց ազատագրված հողը պետք է անվերադարձ լինի, այլապես զուր են այդ բալիկի, իմ և հազարավոր այլ մանուկների սպասման անխուսափելի հիասթափությունները: