Համաձայն եմ Անդրիաս Ղուկասյանի պահանջի հետ


14:54 , 24 հունվար, 2013

Համարյա ամեն երեկո անցնում եմ հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանի մոտով ու կարդում պաստառի վրա. «Վերջ շինծու ընտրություններին»։ Ու համաձայն եմ իր պահանջի հետ, բայց ավելի լայն իմաստով։ Այն է՝ մի քանի հարյուրից ավելի ընտրողների մասնակցությամբ ցանկացած ընտրություն էլ, ըստ էության, խաբեության տարր ունի։ Ու ինչքան ավելի շատ են ընտրողներն, ինչքան ավելի միջնորդավորված է իրենց կապը որոշումների կայացման գործընթացի հետ, այնքան այդ տարրն ավելի մեծ է։ Որովհետև շարքային ընտրողը ձև չունի տեղյակ լինելու, թե իրականում ինչ է ընտրում։ Եւ հիմնականում ընտրում է կա՛մ իր մասնակի շահի վրա հիմնվելով (ընտրակաշառքներից սկսած, բարեկամական կապերով վերջացրած), կա՛մ էլ զուտ «սիմպատիան բռնելով»։

Քիչ թե շատ գիտակցված ընտրությանը կարելի է մոտենալ միայն բնակչությունը համատարած կրթելով ու անընդհատ տեղեկացնելով (ինչը դժվար իրագործելի է, նույնիսկ եթե բոլոր կողմերն անկեղծորեն ցանկանում են դա անել և բավականաչափ նյութական ռեսուրսներ ունեն)։