Երբ չգիտես ինչ ես անելու վաղը...փետրվարի 16-ին կամ 18-ին...


12:24 , 24 հունվար, 2013
ՄԻԱԿ քարտուղար

Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին օրերը անցյալում են, և կարելի է անել որոշ եզրահանգումներ: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի քարոզարշավների մեկնարկին, կարելի է փաստել, որ այստեղ ամեն ինչ պարզ ու կանխատեսելի էր: Դեռ նախաքարոզչության փուլում հստակ ուրվագծվում էին նրանց քարոզարշավների մարտավարությունները: Սակայն բոլորովին այլ վիճակ է մյուսների պարագայում: Այնպիսի տպավորություն է, որ մնացած թեկնածուները ընտրություններին մասնակցում են «օրը բացվի` բարին հետը» սկզբունքով, այսինքն՝ կգնան մամուլի ակումբներ, մի բան կասեն ու երեկոյան իրենցից գոհ դեմքերով հեռուստացույցով կվայելեն իրենց մտքի «գոհարները»: Ակնհայտ է, որ նրանց քարոզարշավներում իսպառ բացակայում են նախապես պլանավորված տեղեկատվական առիթները, ծրագրային բանավեճի քիչ թե շատ ընկալելի մոտեցումները և ընտրողների հետ «տետատետ» շփվելու ցանկությունները: Ինչ խոսք, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը այս առումով շահեկանորեն առանձնանում է, քանի որ ընտրել է քաղաքական պայքարի առավել ծայրահեղ մոդել, որն այս փուլում գրավում է շատերի ուշադրությունը, բայց միևնույն է հոգու խորքում ինքն էլ չգիտի, թե ինչ է անելու վաղը.... 
Սրանով հանդերձ` կարծում եմ, որ առաջիկայում քարոզարշավը կդառնա առավել հետաքրքիր ու դինամիկ, որի կարևոր նախապայմանններից մեկը կլինեն ընտրողների բյուրեղացող քաղաքական կողմնորոշումներն ու նախագահ ընտրելու նրանց ավանդական արժեքային մոտիվացիաները....