Բեթհովեն անունով կատվի ու նրա տարօրինակ տիրոջ մասին


00:32 , 24 հունվար, 2013

Իմ անունը Բեթհովեն է, ես կատու եմ ու ապրում եմ տիրոջս` Մեյի հետ, քաղաքի ծայրամասում տեղակայված շենքերից մեկի վերջին հարկում:
Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու է ինձ Բեթհովեն կոչել:
Մեյը տարօրինակ աղջիկ է. սրճարաններից մեկում մատուցողուհի է աշխատում և հենց աշխատանքի ժամանակ էլ ծանոթացել է Նիկոլասի հետ: Ազատ ժամանակ նստում է մահճակալին, ինձ քաշում ոտքերի տակ ու շրթհարմոն նվագում: Ես սիրում եմ, երբ նա նվագում է:
Երբեմն մեզ հյուրընկալում է Նիկոլասը, այդ ժամանակ ես այլևս չեմ երևում Մեյի աչքին, կարծես գոյություն էլ չունեմ:
Նիկոլասը ինձ դուր չի գալիս. տարօրինակ, ճչացող արտաքին ունի` սև կաշվե տաբատ, ձեռնոցներ, ժիլետ, հայհոյախառն գրություններով շապիկ, լաքե բատիլոններ. ռոքի մոլի երկրպագու է: Ուզում է ինձ հանել տնից, Մեյի մոտ միշտ ակնարկում է, թե ես ավելորդ բեռ եմ, ով ուտում է ուրիշի հաշվին, տեղ է զբաղեցնում, խնամք է պետք, և դեռ այսքանից հետո էլ օգուտ չի տալիս:
Իմ Մեյը բանի տեղ չի դնում, բայց ես գիտեմ, որ ժամանակի հարց է. այս տղան Մեյին այնպես իր ճանկը կգցի, որ խեղճը նույնիսկ չի հասկանա, թե ինչպես խաբվեց:
Ահա եկավ` մի քանի շիշ գարեջրով ու դրանից կարելի է եզրակացնել, որ գիշերը էստեղ է մնալու: Խմում են անվերջ ու զրուցում դատարկ թեմաներից, ես էլ մի անկյուն եմ քաշվել ու ինձ ավելորդ եմ զգում իմ իսկ տանը:
Զրույցի մեջ իմ անունն էլ լսեցի, բայց հեռուստացույցի ձայնը խանգարեց, որ շարունակությունն էլ լսեի:
Վաղ առավոտ է, Մեյը քնած է, իսկ այս տիպն արթնացել է ու ինձ է փնտրում: Մտա մահճակալի տակ` տեսավ, ցատկեցի սեղանին, բայց բռնեց սրիկան, մի պարկ գցեց ինձ ու կամացուկ ծածկեց տան դուռը:
Մի կերպ ազատվեցի պարկի ճիրաններից ու շուրջս միայն աղբ տեսա:
Մեյ, երջանիկ եղիր այդ սրիկայի հետ...