22:49 , 23 հունվար, 2013
Այսօրվանից սկսվեց արդեն «աղաբլիթային հիստերիան»: Արդեն երրորդ ընկերս է ինձ գրում. «Աղաբլիթը երբ ուտենք, ո՞վ պետք է պատրաստի»:
Առաջնային հարցերը թողած՝ այնքան ենք մանրանում երկրորդայինի մեջ, որ ինձ թվում է՝ հաջորդ հարցը էսպիսին է լինելու. «Իսկ աղաբլիթը անթթխմո՞ր հաց է, թե՞ թթխմորով, իսկ խմորը հունցելուց ջուրը տա՞ք լինի, թե՞ գոլ»:
Սիրելինե՛ր, եկեք հիշենք, որ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ կապ չունի, թե ՈՎ կսարքի աղաբլիթը կամ որքան շատ կամ քիչ կլինի աղի պարունակությունը այդ բլիթում: Կարևորը ԱՂՈԹՔՆ է, որ յուրաքանչյուրս թե՛ տոնի նախօրյակին (այս տարի հունվարի 25-ին), թե հենց բուն տոնի օրը (հունվարի 26) Սբ. Սարգսի բարեխոսությունը խնդրելն է:
ԽՈՐՀՈՒՐԴ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՍԲ. ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ
1. Նախորդ օրը երեկոյան աղոթել Սրբին և խնդրել իր բարեխոսությունը, ուտել քաղցր, աղի, կծու, թթու՝ ով ինչ բլիթ կուզի, իսկ ովքեր հաջորդ օրը Հաղորդություն են ստանալու՝ չուտեն ոչինչ:
2. Հաջորդ օրը գնալ Սբ. Սարգսի անունը կրող (կամ գուցե այլ) եկեղեցի, մասնակցել Սբ. Պատարագին:
3. Պատարագի ավարտին մասնակցել ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ կարգին:
4. Պայմանավորվել ընկերների հետ և գնալ տոնախմբելու:
Սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնին ընդհառաջ
Սիրով և աղոթքով՝
Արմեն սարկավագ