Էլվինա Մակարյանի վերջին հարցազրույցից


18:50 , 23 հունվար, 2013

Մի օր Օրբելյանը եկավ, ասաց՝ այսօր մեզ մոտ շատ պատասխանատու փորձ է, որովետև այսօրվա մեր փորձին ներկա է լինելու Արամ Իլյիչ Խաչատրյանը: Ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում էինք փորձեր անում: Դահլիճում նստած էին Արամ Խաչատրյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը և մի քանի հոգի էլ... Բոլորը ելույթ էին ունենում, ես էլ վարագույրի հետևից նայում էի Արամ Խաչատրյանի ռեակցիային՝ ձեռքերը ծալած նստած էր, ոչ մի ռեակցիա, խոսում է մյուսների հետ: Մեկը մյուսի հետևից ելույթ են ունենում ու գնում: Իմ հերթը եկավ: Նստեցի դաշնամուրի դիմաց, նվագախումբը նստած է, ու սկսեցի «խզարել»: Երգեցի Էլլա Ֆիտցջերալդի «Բոսանովան»: Այնպիսի ռիթմ էի վերցրել, միայն տեսնես: Երբ երգեցի ավարտեցի, Արամ Խաչատրյանը ոտքի կանգնեց ու սկսեց դանդաղ ծափահարել... Առանց այդ էլ արտահայտիչ աչքեր ուներ, էսքան (ցույց է տալիս.- Ա.Ա.) դարձան աչքերը ու բարձր ձայնով ասաց. «Էս ինչ հրաշք է, ինչու՞ այս հրաշքի մասին ես ոչինիչ մինչև հիմա չգիտեմ... »: Նա ինձ կանչեց, ծանոթացանք, փոխանակվեցինք հեռախոսահամարներով, ինքը տվեց Մոսկվայի իր հասցեն, ու թե. «Էլվինոչկա, ես արդեն քո մեծ ընկերն եմ, երբ Մոսկվա ժամանես, անպայման ինձ հյուր կգաս»:

***

Էրմիտաժի Կանաչ դահլիճում համերգից առաջ Օրբելյանն ինձ մոտեցավ հատուկ խնդրանքով՝ «Այսօր համերգին մի աղջիկ է ներկա գտնվելու: Հինգերորդ նստատեղին է նստելու»: 
«Ո՞վ է»,- հարցրի: «Դու իրեն չգիտես, նա սովորում է Գնեսինների ուսումնարանում, վատ չի երգում ու քո համար ուղղակի խելագարվում է: Ալլա է անունը: Ալլա Պուգաչովա: Շիկահեր աղջիկ է: Հայացքով գոնե մի անգամ նայիր...»: 

Էլվինա Մակարյանի վերջին հարցազրույցից

(Արտակ Ալեքսանյան, ԱՄՆ- Հայաստան)