15:25 , 23 հունվար, 2013
Երթուղային տաքսիներ, կանգառներ, վարորդներ:Մենք օրը մի քանի անգամ ենք նստում երթուղային և չենք կարող խուսափել նրանց հետ շփվելուց: Բոլորս լսել ենք երթուղայինի վարորդների կողմից հնչող շաբլոն դարձած բառակապակցություններ՝ «Դուռը կամանց փակեք», «Ձեռ չի տալի, տաքսի նստի», «Առաջ անցեք»...: Յուրաքանչյուր ուղևորի հարցին պատասխանում են շատ չոր, անկիրթ և անտաշ ձևով: Իհարկե, լինում են նաև վարորդներ, որոնք սպասարկում են նորմալ և շատ կիրթ: Միայն Հայաստանում կարելի է տեսնել վարորդների, ովքեր
1.Սիգարետը բերանը,
2.Հեռախոսը ձեռքը,
3.Սպորտային համազգեստով,
4.Անթրաշ.....
Միայն մեր երթուղայինների մեջ կարող ես լսել յուրահատուկ երաժշտություն՝ ռաբիզ, մուղամ ու շատ բարձր: Իսկ երբ ասում ես, թե կամացացրեք կամ փոխեք, լսում ես նույն պատասխանը. «Ես էս եմ լսում, ձեռ չի տալի, մի լսի կամ իջի»: Ի դեպ, մարդ վերցնելու համար վարորդները կայանում են ուր պատահի ու կայանում են առանց դժգոհելու: Մինչդեռ երբ, ասենք, մեծահասակ մեկը խնդրում է կանգնել կանգառից դուրս, կլսի շատ կոպիտ արտահայտություն: Միայն մեր մոտ երթուղայինները կարող են կանգնել որտեղ ցանկանում են ու 11-12 ուղևորի փոխարեն 20-22 ուղևոր վերցնել: Երկու տեղանոց նստատեղի վրա նստում են ինչքան հնարավոր է շատ մարդ: Երբ ցանկանում ես կանգառում իջնել, ընդամենը պետք է այդ ռաբիզ, բայց շատ բարձր երաժշտության ձայնից ավելի բարձր գոռաս, որպեսզի վարորդը կա՛մ լսի, կա՛մ էլ մի քանի հոգի նույն բանը փոխանցելով գոռան: Իսկ երբ իջնում ես, վարորդը վրատ մունաթով նայում է և ասում. «Չես կարում շուտ ասես, որ իջնում ես»: Էլ չեմ ասում երթուղայինների փնթի վիճակի և նրանց մեջ անսարքություններից առաջացած ճռճռոցներն ու գլխացավի հասցնող ձայները: Ինչքանով ես տեղյակ եմ, կան օրենքներ, որոնք նախատեսված են հատուկ հասարակական տրանսպորտի սպասարկման համար: Իսկ ինչո՞ւ չեն կիրառվում: Իսկ ինչո՞ւ սպասարկող կազմակերպությունները չեն հետևում նման խնդիրներին, ու ի՞նչ են մտածում պատկան մարմինները: Կգա մի ժամանակ, երբ մեր երթուղայինները կսպասարկեն պատշաճ ձևով, և վարորդները կասեն՝ խնդրեմ, շնորհակալություն, խնդիր չկա, ու սպասարկման ձևին ու մարդկային վերաբերմունքին վայել նման բառեր: