Հայաստանի «կինոյի մարդիկ» անդրադառնան «քառօրյա» կոչված պատերազմին ու այդ պատերազմում իրենց կյանքը դրած մեր զինվորներին


16:19 , 23 ապրիլ, 2016
Մի ռուսական բազմասերիանոց ֆիլմ կա չեչենական պատերազմի հետ կապված՝ «Грозовые ворота» (կարծեմ մի 10 տարի առաջվա կինո է): Որքան հիշում եմ սյուժեն, ռուսական զինվորական ստորաբաժանումը խնդիր ունի պաշտպանել վերնագրում նշված անվանմամբ լեռնանցքը, թույլ չտալ, որ իրենց տասնապատիկ գերազանցող հակառակորդին այն անցնի: Ու կինոյում ներկայացված են այդ դեպքերը, որոնց հիմքում նաև իրականում տեղի ունեցած դեպքեր կան, զինվորները, նրանցից մի քանիսի կյանքի դրվագները: Մի խոսքով:
Առհասարակ, նման կինոնկարներ շատ-շատ կան: Վերջերս դիտածների մեջ կառանձնացնեի, օրինակ, ամերիկյան «Братья по оружию» հանրահայտ ու անգամ համակարգչային խաղի հիմք տված 10 մասանոց ֆիլմը (2001թ.), որ չնայած գեղարվեստական է, բայց իրական զինվորների ու նրանց հետ կատարվածի մասին է (Երկրորդ համաշխարհային պատերազմում):
Չգիտեմ, գուցե ասածս ժամանակային առումով տեղին չէ (կներեք դրա համար), բայց կարծում եմ, որ վերջին տարիներին իրարահաջորդ «կինոկոմեդիաներ» (հաջողված, թե տափակ, մեկ է) թխելուց հետո, պետք է, որ Հայաստանի «կինոյի մարդիկ» անդրադառնան «քառօրյա» կոչված պատերազմին ու այդ պատերազմում իրենց կյանքը դրած մեր զինվորներին: Չեմ ասում՝ նույն «կոմեդիանտները» նկարեն, իհարկե, բայց տղաների հերոսական արարքին արժանի գործ նկարեն: Ասենք, ամերիկացիների օրինակով: Թե չէ ընդամենը հատուկենտ ֆիլմեր կան, որոնց այստեղ ուղղակի չեմ ուզում անդրադառնալ: Իսկ բոլորին սերիալածնգըլ արած «կինոների» մասին ընդհանրապես կլռեմ: