03:19 , 19 ապրիլ, 2016
Lurer.com–ը գրում է.
Ադրբեջանի սանձազերծած մոտ 4-օրյա պատերազմից կամ ռազմական լայնածավալ գործողություններից ի վեր, հայ հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել Ռուսաստանի կողմից մեր թշնամուն զենքի վաճառքի խնդիրը: Ընդ որում, այս հարցը բարձրացնում են ինչպես մեր ժողովրդի ազնիվ, հայրենասեր զավակները, այնպես էլ Հայաստանում ու Սփյուռքում գտնվող ու գործող Արևմուտքի հինգերորդ շարասյան ներկայացուցիչները:
Վերջիններիս նպատակը ՀՀ իշխանությունների նկատմամբ հասարակական ճնշման ու հենց իշխանությունների միջոցով, իսկ եթե դա չստացվի, նրանց նկատմամբ հասարակության դժգոհությունները զարգացնելով, իշխանափոխության միջոցով, ի վերջո, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալուն հասնելն է: Սա նվազագույն նպատակն է, իսկ առավելագույն նպատակն այստեղ ռուսական ռազմակայանի գտնվելու համար հսկայական վարձ սահմանելու միջոցով, Հայաստանից այդ ռազմակայանի դուրս բերմանը հասնելն է:
Թերևս ավելորդ է ասել, որ սա Արևմուտքի նպատակը և երազանքը լինելուց բացի, նաև Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է:
Հուսով եմ, որ մեր հասարակությունը, վերջին հաշվով, ողջախոհ կլինի ու ջուր չի լցնի նրանց ջրաղացին, բայց, այնուհանդերձ, տեսնելով, թե ինչպես է ամեն օր և ամեն ժամ շահարկվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստը` հասարակության գնալով ավելի մեծ դժգոհությանը հասնելու և այդ հարաճուն դժգոհությունը վտանգավոր հուն մղելու համար, հայրենիքիս ճակատագրով մտահոգ յուրաքանչյուրի նման պարզապես չեմ կարող անտարբեր լինել և ճշմարտությունն ասելու համար քարկոծվելուց վախենալ: Տարբեր հոդվածներով կանդրադառնամ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ այս ընթացքում բարձրացված բոլոր հարցերին անխտիր: Ընդ որում, առաջիկայում նաև այն հարցին, որ վաճառքը կատարվում է ոչ թե հայերիս թշնամի, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության` Ռուսաստանի կողմից:
Հնարավոր շահարկումները կանխելու նպատակով, ի սկզբանե ընդգծեմ, որ ես նույնպես դեմ եմ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, ցանկացած հայ չի կարող դրանից ուրախ կամ դրան կողմ լինել: Մենք պետք է բողոքենք, եթե կարիք կա, բացատրենք մեր դաշնակցին, և հատկապես բանակցենք, որպեսզի հասնենք այդ վաճառքի դադարեցմանը կամ գոնե սահմանափակմանը` զուտ պաշտպանական զինատեսակների, ռազմական տեխնիկայի շրջանակներում, բացառելով հարձակողականների վաճառքը:
Սակայն եկեք հստակեցնենք` մենք ընդհանրապես Ադրբեջանին զենքի, ռազմական տեխնիկայի վաճառքի՞ն ենք դեմ` նկատի ունենալով, որ մեզ թշնամի այդ պետությունն, ուշ թե շուտ, ամեն մի հնարավորության դեպքում դրանք օգտագործելու է մեր դեմ, թե միայն Ռուսաստանի կողմից զենքի վաճառքին, որպեսզի այստեղ հակառուսական տրամադրություններ զարգացնենք և այլ պետությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ լռելով, թույլատրելի համարենք այն: Եթե ընդհանրապես Ադրբեջանին զենքի վաճառքին ենք դեմ, ապա ինչո՞ւ ենք լռում այլ պետությունների կողմից մեր թշնամուն զենքի վաճառքի կապակցությամբ, Ադրբեջանը դրանք մեր դեմ չի՞ օգտագործելու: Պարզապես եկեք ազնիվ լինենք, հաշվի առնենք բոլոր փաստերն ու հանգամանքները, և ոչ թե սևեռվենք դրանցից միայն որոշների վրա:
Հիշո՞ւմ եք, թե ինչ մեծ աղմուկ բարձրացավ Մեդվեդևի այն հայտարարությունից հետո, որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա դա կանեն Թուրքիան և այլ պետություններ: Իսկ ի՞նչ է` հանուն իրենց շահի, ընդ որում, որոշները ոչ միայն տնտեսական, այլև իրենց ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական շահերի չե՞ն վաճառի…
Ոմանք ասացին, թե ստում է ՌԴ վարչապետը, ոմանք ասացին, թե Թուրքիայից և Իսրայելից բացի, այլ պետություններ Ադրբեջանին զենք, ռազմական տեխնիկա չեն վաճառել ու չեն վաճառի, չվաճառելու առումով Միացյալ Նահանգներին և Եվրոպային օրինակ բերեցին, հայտնի թերթերից մեկի հայտնի գլխավոր խմբագիրը նույնիսկ սկսեց վերջինների քաղաքական գովազդով զբաղվել: Ուրիշներն էլ այն միտքը տարփողեցին, թե Ադրբեջանին ոչ մի պետության վաճառած զենք այնքան ավերիչ ուժ չունի, որքան Ռուսաստանի վաճառածը: Իրականում, սակայն, ոչ թե ՌԴ վարչապետի ասածն է սուտ, այլ այդ բոլորը: Այլ խնդիր է, որ ոմանք տեղեկացվածության լուրջ պակաս ունեին և առաջնորդվեցին միայն զգացմունքներով:
Խոսենք փաստերի լեզվով. Ադրբեջանը 2004-2005թթ. Ուկրաինայից ստացել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և արդեն 2007թ. դրությամբ ունեցել է դրանց 12 միավոր, որոնցից յուրաքանչյուրի մեկ ամբողջական համազարկը, այսինքն` բոլոր 12 ռեակտիվ արկերի արձակումը նախատեսված է, կախված արկի տեսակից, նվազագույնը մինչև 70, առավելագույնը մինչև 120 կմ հեռավորության վրա շուրջ 67 հեկտար տարածք խոցելու համար: Որևէ մեկը կարո՞ղ է փաստել, որ Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած որևէ զենք սրանից ավելի մեծ ավերիչ ուժ ունի: Իհարկե՛ ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ է բողոքի ալիք բարձրացվում միայն Ռուսաստանի դեմ, ինչո՞ւ են ձու կամ ձվեր շպրտում Հայաստանում միայն Ռուսաստանի դեսպանատան վրա, ի՞նչ է` Ուկրաինայի դեսպանատան տեղը չգիտեի՞ն… Թե՞ որևէ մեկը կարող է ասել, ապացուցել, որ ապրիլի 3-ին և 4-ին Արցախի վրա կրակում էին ոչ թե Ուկրաինայից, այլ հենց Ռուսաստանից ստացած «Սմերչից»:
Այս ամենից հետո՞ էլ հասկանալի չէ ոմանց հստակ և որոշակի, միաժամանակ Հայաստանի համար վտանգավոր ու ստոր միտումը: Բա թող գնային Ուկրաինայի և Ադրբեջանին զենք վաճառած մյուս դեսպանատների վրա էլ ձվեր շպրտեին, որ բոլորին, այդ թվում նաև Ռուսաստանին հասկանալի լիներ, որ բողոքում ենք մեր թշնամուն ընդհանրապես ցանկացած պետության կողմից զենքի վաճառքի դեմ: Բայց բողոքի այդ միջոցառման կազմակերպիչները կամ ուղղորդողներն այդպես չեն վարվել, որովհետև նրանց նպատակը ոչ թե Ադրբեջանին ընդհանրապես զենքի վաճառքի դեմ բողոքելն է եղել, այլ մեր ռազմավարական դաշնակցի ու մեր հարաբերությունները փչացնելը: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, հե՛նց Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը եթե ոչ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, ապա օգնությամբ, իմ և այլոց համոզմամբ, պատրաստվում է ՀՀ-ի և Արցախի դեմ մեծ պատերազմի:
Ովքեր տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ ըստ քաղաքագետ Կարինե Գևորգյանի ռազմական հետախուզության և հայկական կողմի ԱԹՍ-ների փոխանցած տեղեկությունների համաձայն, ապրիլի առաջին տասնօրյակի դրությամբ «Իսլամական պետության» նվազագույնը 1000 մարտիկներ արդեն Նախիջևանում են (հիմա կարող են շատ ավելին լինել), ավելին` Թուրքիան զորքի և զենքի բավական լուրջ քանակություն է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանին: Ադրբեջանը նույնպես հարձակողական սպառազինություն է կենտրոնացրել հարավային ուղղությունում, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի կողմում: Բավական է մի հայացք ձգել քարտեզի վրա` տեսնելու համար, որ Մեղրիի միջանցքը գրավելու պարագայում, ինչին պատրաստվում են և՛ Նախիջևանի, և՛ Ադրբեջանի կողմից, Թուրքիան Նախիջևանի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային կապի հնարավորություն է ստանում, ինչը նրան անհրաժեշտ է պատերազմի դեպքում կրտսեր եղբորն օգնության հասնելու դեպքում: Ադրբեջանին էլ դա անհրաժեշտ է այդ օգնությունը ստանալու, ինչպես նաև Թուրքմենիայի և իր գազն ավելի էժան ճանապարհով Եվրոպա հասցնելու համար:
Այո, հետագայում, մեր թշնամուն Ուկրաինայի կողմից «Սմերչի» վաճառքից հետո, Ադրբեջանին նշված զինատեսակից վաճառել է նաև Ռուսաստանը, ըստ տարբեր տեղեկությունների, մատակարարումը սկսվել է 2012 կամ 2013 թվականից:
Ի գիտություն անտեղյակների, Ռուսաստանից բացի, Ադրբեջանին զենք և ռազմական տեխնիկա վաճառել են նաև առնվազն տասնմեկ պետություն` Իսրայելը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Սլովակիան, Բոսնիան, Բուլղարիան, Ֆրանսիան էլ ցանկացել է վաճառել: Ընդ որում, նրանցից որոշների կողմից Ադրբեջանին վաճառված զենքերի և ռազմական տեխնիկայի մի մասը եղել է գերժամանակակից: Բա այդ պետությունների դեմ էլ բողոքենք, ինչո՞ւ չենք բողոքում… Թե որ երկիրը երբ, ինչ քանակության, ինչ գումարի և ինչ զենք ու ռազմական տեխնիկա է վաճառել Ադրբեջանին, կներկայացնեմ առաջիկա հրապարակմամբ, իհարկե, համապատասխան տեղեկատվական աղբյուրների հղմամբ:
Արթուր Հովհաննիսյան