Երևանի ամենատարեց քաղաքացիներից մեկի խնդրանքը. քիչ խոսել, չստել, գործել, այլ ոչ թե խոսել


00:56 , 22 հունվար, 2013

Հարգելի ՀՀ իշխանություններ, ձեզ գրում է Երևանի ամենատարեց և հավատարիմ քաղաքացիներից մեկը: Ես արդեն մոտ 74 տարեկան եմ, բավականին ծեր և ունեմ հանգստի կարիք: 
Իմ կյանքի ընթացքում հանդիպել եմ հազարավոր հայերի, նրանց թվում նաև քաղաքական գործիչների, նախագահների, պատգամավորների, ապստամբների, ցուցարարների և հասարակ քաղաքացիների: Հետաքրքիրն այն է, որ բոլոր քաղաքական գործիչները ինձ միշտ մեջքով են կանգնում` ի տարբերություն սովորական քաղաքացիների: 
Միակ մարդը, ով համբերատար և մինչև վերջ լսում էր նրանց քաղաքական կոչերը, խոստումները, ես էի: Ամենավերջինը ես էի հեռանում: Մութն ընկնելուն պես բոլորը ինձ մենակ էին թողնում, և հաջորդ օրը կրկին նույն խոսքերը, նույն ստերը: Տարիների ընթացքում ես անգիր էի սովորել բոլոր տողերը, բոլորի դեմքերը, և ինձ համար չափազանց ձանձրալի էր ամեն ինչ: ժամանակ առ ժամանակ քաղաքական գորժիչները հիշում էին ժողովրդին, կիսում նրանց մտահոգությունները և բաժանվում 4-5 տարի անց՝ նույն տեղում հանդիպելու և նույնը կրկնելու համար: 
Իմ կյանքի ամենահետաքրքիր տարիները եղել են 90-ականները, երբ հայերը հավաքվել էին ոչ թե մեկին ընտրելու կամ լսելու համար, այլ պետականություն կերտելու ու Արցախ պահելու վեհ գաղափարի համար: Հետո ամեն ինչ շարունակվում էր նույն սցենարով:
Քանի որ արդեն ծեր եմ, մոռացել էի, որ մոտ օրերս կրկին ստիպված եմ մեջքից տեսնելու մեր թեկնածուներին ու լսել նույնը… տեսնել նույն դեմքերը… նույն հուսալքված դեմքերը…
Ու այսօր, երբ խորը քնած էի այս ձմռան ցուրտ առավոտը, պատահաբար արթնացա նախագահական թեկնածուներից մեկի ձայնից: Հիշեցի` առջևում ընտրություններն եմ. ստիպված եմ շուտ զարթնել և ուշ քնել: Խնդրում եմ այս տարի բարեհաճ գտնվել. քիչ խոսել, չստել, գործել, այլ ոչ թե խոսել: Ես արդեն հոգնել եմ բոլորից, բոլորից, բոլորից:

Սիրով Օպերայի շենք 
21.01.13