«Գուգլը» որոշել է հրաժարվել գաղտնաբառերից


17:43 , 21 հունվար, 2013
Գուգլ ընկերությունը գաղտնաբառերը դադարել է համարել որպես օգտատերերի տվյալների անձնական պահպանման համար արդյունավետ միջոց և մտածում է այլընտրանքի մասին: Լիազորման սարքերի փորձարկումը պիտի սկսվի արդեն 2013 թվականին: 
Այդպիսի սարք կարող է հանդիսանալ «Yubico» մանրաքարտը: Տեղակայվելով սովորական USB-կրիչի մեջ՝ այն ինքնաբերաբար լիազորում է օգտատիրոջը «Գուգլի» ծառայություններում: Դրա համար ոչ մի լրացուցիչ ծրագրային ապահովում չի պահանջվում: Համապատասխան թարմացումները կկատարվեն անմիջապես բրաուզերի միջոցով:   



Բացի այդ՝ ընկերությունը մշակում է գրանցման անկախ արձանագրություն այնպիսի սարքերի միջոցով, որոնք կկարողանան օգտագործել երրորդ կողմի ծառայությունները: Դրա շնորհիվ օգտատիրոջն անհրաժեշտ չի լինի միաժամանակ հիշել գաղտնաբառերը և իր մոտ պահել մանրաքարտը. միայն դա լիովին բավարար կլինի: 
Հետագայում ծրագրվում է գրանցման տեխնոլոգիան առավել հարմարավետ դարձնել: «Գուգլի» ինժեներները ենթադրում են, որ մանրաքարտերը կտեղավորվեն հեռախոսներում, մատանիների կամ այլ զարդերի մեջ, որոնք մշտապես կրում ենք: