Դիմում եմ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը


15:49 , 21 հունվար, 2013

Արդեն վաղուց մի խնդիր կա, որի մասին ուզում եմ բարձրաձայնել և խնդրում եմ լուծում տալ: Ես բնակվում եմ Աբովյան 62 հասցեում, մեր շենքը բաղկացած է միանգամից 3 հասցեից` Աբովյան 62, 66 և 68, և ունի մոտ 40 բնակարան: Շենքը գտնվում է Աբովյանի արձանին կից: Իմ ամբողջ կյանքում ես ամեն առավոտ դուրս եմ գալիս մեր շենքի դալանից և շրջադարձ կատարելով շենքի կողքով` Շարիմանյան փողոցով մտնում եմ Աբովյանի արձանի շրջադարձային գոտի: Եվ արդեն 2 տարի է, ինչ պարզվում է, որ այդտեղից չի կարելի մտնել Աբովյան փողոց: Այսինքն՝ Աբովյան 62,66,68 շենքերի բնակիչները Աբովյան փողոց դուրս գալու համար պետք է կամ բարձրանան 1 մասիվ՝ շրջադարձ կատարելու, կա՛մ գնան խիստ ծանրաբեռնված թունելով, հայտնվեն կամուրջի վրա, հետո նորից իջնեն և Հերացի փողոցով մտնեն նորից Աբովյան, կա՛մ էլ Հերացի փողոցով իջնեն մինչեւ Մոսկովյան և նորից բարձրանան տուն: Մեր շենքը փաստացի հայտնվել է ծուղակի մեջ: Եվ արդեն երկար ժամանակ է ինձ անընդհատ կանգնեցնում են ՃՈ մեքենաները: Ի ուրախություն ինձ՝ մինչ օրս նրանցից և ոչ մեկը ինձ չի տուգանել այդ խախտման համար, և ես շնորհակալ եմ նրանց բարձր գիտակցության համար: Տեսնում եմ և գնահատում եմ այն ջանքերը, որոնք դրվում են ոստիկանության բարեփոխման գործի մեջ և խնդրում իմ և մեր բնակիչների կողմից լուծում տալ այս խնդրին, քանզի Աբովյան փողոցում բնակվողը պետք է հնարավորություն ունենա իր փողոցից օգտվելու: