Հոսպիտալից վստահեցնում են՝ Արմենակի բուժումը կատարվելու է մինչև վերջ՝ բժշկական ցուցումներին համաձայն


21:18 , 12 ապրիլ, 2016

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին կա 41 վիրավոր՝  38 զինծառայող և 3 ԵԿՄ անդամ: Այս մասին BlogNews-ին հայտնեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի՝ բուժական գծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը: «Վերակենդանացման բաժանմունքում կա 7 վիրավոր, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը՝ ծանր կայուն: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղաները չորսն էին, սակայն մեկի մոտ գրանցվել է դրական միտում, և վիճակն արդեն գնահատվում է ծանր կայուն,- հայտնեց պրն Խաչատրյանը՝ հավելելով,- Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորները կյանքի կռիվ են տալիս: Նրանց կյանքի համար պայքարում ենք հնարավոր բոլոր մեթոդներով: ԱՆ գլխավոր մասնագետներն էլ, Առողջապահության նախարարն էլ եկել են, հետևում են վիճակին»:

Խաչատրյանն անդրադարձավ նաև երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած նյութին՝ ՊԲ զինծառայող 20-ամյա Արմենակ Առուստամյանի մասին, ով վիրավորվել է 2015 թվականի դեկտեմբերի 20-ին՝ հակառակորդի կրակոցի հետևանքով: «Ա1+»-ի հետ զրույցում Արմենակը նշել էր, որ հոսպիտալում իրեն հենակ տրամադրելու համար վերցրել էին մոր անձնագիրը, իսկ նրա մայրն ասել էր, որ որդու աղիքը հիմա դուրսն է: «Էդ աղիքի համար պարկեր են պետք, արդեն բժիշկներն ինձ ասում են, որ առեք բերեք այդ պարկերը , որ մենք դնենք»,- ասել էր նա և ֆինանսական օգնության խնդրանքով դիմել հասարակությանը:  Խաչատրյանը նշեց, որ չգիտի՝ ինչ պարկերի մասին է խոսքը. «Հավանաբար, տանը գտնվելու ժամանակ ցելաֆոնե պարկերն են վերջացել, որի մեջ լցվում է կեղտը և ամեն օր պետք է փոխել»:  

Ինչ վերաբերում է Արմենակի բուժմանը՝ նա նշեց, որ վիրավորն իրենց մոտ տեղափոխվել է դեկտեմբերի վերջին՝  ծայրահեղ ծանր վիճակում՝ հրազենային բեկորային վիրավորմամբ: «Նա ունեցել է որովայնի, ազդրի, վերջույթների հրազենային բեկորային վիրավորումներ՝ աղիների վնասումով, ազդրի բազմաբեկոր կոտրվածքով: Որովայնի վնասման համար կատարվել է վիրաբուժական մշակում, աղիները վնասված են եղել: Այս դեպքի համար ամբողջ աշխարհում ցուցված է էտապային բուժում: Նա պատրաստվում է էտապային հաջորդ վիրահատությանը: Մոտ ժամանակներս մասնագիտական ցուցումներից ելնելով կատարվելու է երկրորդ էտապը՝ վերականգնվելու է աղիների ամբողջականությունը: Ազդրն էլ վիրահատվել է, ազդրի սերտաճման դեպքում կկատարվի նաև մետաղյա ապարատի հեռացում: Հիվանդը տեղյակ է այդ մասին»: Խաչատրյանը վստահեցրեց, որ չկա բժշկական օգնության այնպիսի էտապ, որը չի կատարվել կամ կատարվելու:

Անդրադառնալով հենակների խնդրին՝ Խաչատրյանն ասաց, որ իրենց  մոտ բաժանմունքում եղած հենակները նախատեսված են ստացիոնար բուժվող հիվանդների համար: «Քայլում են հենակներով, ապաքինվելուց հետո դա փոխանցվում է հաջորդ հիվանդին»,- եզրափակեց նա:

Ամալյա Հովհաննիսյան