14:09 , 18 հունվար, 2013Ժամանակն է անհանգստացնել այս տարվա թեկնածուներին: Երգերը գրեթե պատրաստ չեն, հայտերի ընդունումը ավարտված չէ, մի խոսքով ամեն ինչ դեռ առջևում է: Գուշակություններ անելու ամենահարմար պահն է:
Սիրուշո — Ինչքան էլ հուսանք, որ Սիրուշոն վերջապես կորոշի ևս մեկ անգամ մասնակցել Եվրատեսիլին, ամենայն հավանականությամբ նրան այդպես էլ չենք տեսնի թեկնածուների ցուցակում: Դե իսկ եթե տեսնենք, ավելի լավ բոլորիս համար!
Նիկ Էգիբյան — Տարօրինակ է ... շատ տարօրինակ է: Այսօրվա դրությամբ նա միակ թեկնածուն է, ում երգը կարող ենք գնահատել: Իսկ եթե սա նշա՞ն է վերևից (ընդ որում, վերև ասվածն էլ է հարաբերական): Չնայած երգը լավն է... Դե լավ ... իրականում շատ լավն է, ցավոք, այն հայերի շրջանակում տարածելու և առաջ մղելու բավական ջանքեր չեն գործադրվում: Այսպիսի իրավիճակում նրա երգը պետք է ամենուր լիներ, դրսում-ներսում-բոլորի տան շեմին: Գիտեմ, որ այս տարի խնդրել ենք ոչ միայն կերպար, այլ նաև հզոր ձայն, բայց այս երգչի դեպքում մի քանի հազար ֆրանսիացի և իսպանացի (ով գիտի, միգուցե նաև գերմանացի) աղջիկների քվեները երաշխավորված կլինեին: Էխ, Էգիբյան, հուսով ենք մյուս տարի...
Սոֆի Մխեյան — Նա արդեն երկար ժամանակ է, ինչ շոու բիզնեսում է, բավականին ճանաչված է, բայց մենք նրան երբեք չենք տեսել մրցույթների համար հերթ կանգնելիս: Կարծում եմ՝ Սոֆին կշարունակի նոր հիթային երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելը, իսկ այս տարի միգուցե նրա «Եվրատեսիլյան հերթը» չէ, հակառակ դեպքում նա պետք է որ առաջիններից լիներ` իր երգը բացահայտելով:
Լուսինե Աղաբեկյան և Գևորգ Մարտիրոսյան — Այս զուգերգի հարցում այդքան էլ ասելիք չունեմ: Չեմ կարծում, որ նրանք կլինեն մեր այս տարվա մասնակիցները: Երգը դեռ անհայտ է, իսկ այն կարող էր շատ օգնել, եթե շուտ ներկայացվեր հանրությանը: Այս զուգերգը կարող է լինել կա՛մ շատ լավը, կա՛մ ... կրկին փորձեք:

Էրիկ — Չնայած մասնակցության որևէ հայտարարութուն չի հնչել Էրիկի կողմից, մենք կուզեինք քննարկել նրա հնարավոր թեկնածությունը: Ավելին, կուզեինք, որ նա ինքը ևս սկսեր մտածել այս մրցույթին մասնակցելու մասին: Պատկերացրեք ինչպիսի անիրական զուգադիպություն է: Այնպես է ստացվել, որ Էրիկը շատ լավ ձայն ունի, պարել կարող է, իրեն բեմի վրա շատ ազատ և անկաշկանդ զգալ կարող է, երկու հատ «աչքով-ունքով» և ահա մի քանի հարյուր աղջկա ձայն՝ ուղիղ նրա անվան դիմաց: Պակասում է միայն լավ եվրոպական երգ, ու մենք բոլորս պատրաստ ենք դիմանալ հաղթանակի երջանկությանը:
Լիլիթ Հովհաննիսյան — Չգիտես ինչու, բոլոր հաշվարկներս բերում են դեպի Լիլիթ Հովհաննիսյան: Վերջերս նա զգալի ակտիվություն է ցուցաբերել երգերի, տեսահոլովակների և ընդհանրապես ներկայության առումով: Իսկ միգուցե հենց նա՞ կլինի մեր այս տարվա մասնակիցը: Նույնիսկ եթե ընտրվի հենց նա, ես ինքս չէի ցանկանա տեսնել հունական Բեյոնսե Եվրատեսիլ 2013-ին:

Մգեր — Անկեղծորեն, մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու ենք այս երգչին ճանաչում որպես Մգեր, այլ ոչ թե որպես մեր հայկական համով-հոտով Մհեր: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին, ես անհամբեր սպասում էի նրա երգին, բայց փաստորեն նրա Facebook-ի նկարը և իր պրոդյուսերը կապի մեջ չեն եղել վերջերս: Ձայնի հզորությանը ընդհանրապես չեմ կասկածում, բայց այ նրա եվրոպականացման գործընթացի վերաբերյալ մի քանի հարցեր ունեմ: Նա հիասքանչ ելույթ կունենա հայ և ռուս հանդիսատեսի համար, բայց, ընդունեք, լավ ձայն ուղարկելը և 5-ից ցածր հորիզոնականի արժանանալը այս անգամ արդեն ցավոտ կլինի: Առաջ չանցնենք, սպասենք, թե երգիչը երբ կորոշի մասնակցում է, թե ոչ:
Հասկանում եմ, որ հնարավոր է, որ անընդունելի չափով սխալվում եմ, միգուցե ընտրությունից հետո կկանգնեմ հայելու դիմաց ու մի քանի անգամ կկրկնեմ «Ով կմտածեր», բայց այսօր ահա սրանք էին իմ գուշակությունները: