Աշխատել ցանկացող մարդն աշխատանք կգտնի


19:10 , 29 մարտ, 2016
Մի հարց բոլորին, նամանավանդ երիտասարդներին։
Այն, որ պետությունը չի ապահովում կրթությանը համապատասխան աշխատատեղերով, դա նորություն չի։ Ու լինես դու արվեստագետ, հաշվապահ, թե մարզիկ, միևնույն է, պահ է գալիս, երբ պատրաստ ես գրեթե ցանկացած աշխատանքի։
Իմ այն համոզմունքին ի պատասխան, որ աշխատել ցանկացող մարդն աշխատանք կգտնի, կան մարդիկ, ովքեր պնդում են, որ ավելի լավ է չաշխատել, քան կրթությունը մի կողմ դրած աշխատել ստատուսով ցածր վայրում, ցածր՝ կրթության հետ ոչ մի կապ չունեցող հաստիքում։
Իմ մեկ այլ համոզմունքով, բոլորովին պարտադիր չէ, որ ինչ-որ մեկի զանգով կամ պայմանավորվածությամբ աշխատանք գտնես։ Լրիվ հերիք է ուղղակի սեփական հետույքը պոկել աթոռից և գնալ փնտրել, հետաքրքրվել և ուղղակի աշխատելու ցանկություն ունենալ։
Ես նորից պնդում եմ, որ աշխատանք կա․ ոչ, դա մեր երազանքի աշխատանքը չէ, դա նախարարի կամ պաշտոնյայի աթոռ չէ, դա ուղղակի հնարավորություն է վաստակել գումար՝ քո և ընտանիքիդ առաջին անհրաժեշտ պահանջները բավարարելու համար։
Թե ինչ կանես այդ աշխատանքի ընթացքում կամ հետո, դա կախված է մեծ հաշվով քեզնից, որովհետև ես վստահ եմ, որ շատ մեծ ցանկության և սեփական անձի վրա աշխատելու շնորհիվ հնարավոր է ունենալ այն, ինչ դու ուզում ես։
Բայց ուղղակի չաշխատել մինչև չգտնես քո երազած, կամ ավելի ճիշտ, քեզ, քո կրթությանն ու հնարավորություններին հարիր աշխատանքը, մեղմ ասած, հիմարություն և մեծամտություն է։ Նամանավանդ, որ այդ աշխատանքը սպասում ես անպայման ծանոթների կողմից միջամտությունների շնորհիվ ստանալ․․․․
Ես ավելի լավ է օր ու գիշեր աշխատեմ, բայց իմանամ, որ ես իմ գլխի տերն եմ, ունեմ ինձ անհրաժեշտ գումար, և ոչ մեկի ձեռքին չեմ նայում․․․․․