Ահազանգեր ենք ստացել Մեռելոցին մեխակի գների էական աճի մասին. Բաբկեն Պիպոյան


22:32 , 28 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն այսօր առավոտվանից  բազմաթիվ ահազանգեր է ստացել Մեռելոցին ծաղկի,  հատկապես` մեխակի գների աճի մասին:
 
Tert.am -ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը մանրամասնեց.«Անգամ նախորդ տարվա համեմատ գնաճը բավականին բարձր տոկոս է կազմում: Այսինքն` այսօր մինչև 350 դրամով մեխակ էր վաճառվում, այն դեպքում, երբ նախորդ տարի մեխակի ամենաբարձր գինը 250 դրամ էր»:
 
Թե ինչով է պայմանավորված սա, Բաբկեն Պիպոյանը կհասկանա երկու աշխատանքային օրվա ընթացքում:
 
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ` Զատկից ու Մեռելոցից առաջ  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, և ծաղիկների կարանտին բուսասանիտարական վիճակը պարզելու նպատակով Ծառայության աշխատակիցները սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել են նմուշառում և ուղարկել այն միջատաբանական լաբորատոր փորձաքննության:
 
Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող արևմտյան ծաղկային թրիպսով: