Ֆիդել Կաստրոն կասկածամտորեն է վերաբերվում ԱՄՆ հետ մերձեցմանը


19:22 , 28 մարտ, 2016

Fidel-Castro-650x424Araratnews.am-ը գրում է.

Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն սկեպտիկորեն է վերաբերվել երկու երկրների մերձեցման մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերին: Այս մասին Կաստրոն գրել է Granma թերթում իր հրապարակած հոդվածում:

Անցյալ շաբաթ Կուբա այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «սառը պատերազմի» ժառանգությանը վերջ է դրվել, և Վաշինգտոնը Հավանային բարեկամության ձեռք է մեկնում:

Երկուշաբթի Ֆիդել Կաստրոյի հոդվածը նվիրված է ԱՄՆ նախագահի այցին, այն վերնագրված է «Եղբայր Օբաման»: Իր հոդվածում հեղինակը հեգնանքով Օբամայի խոսքերը համարում է «մեղրային»:

«Կարելի էր կաթված ստանալ՝ լսելով ԱՄՆ նախագահին»,- գրում է Կաստրոն՝ թվելով վերջին 60 տարիներին Կուբայի դեմ ԱՄՆ իշխանությունների թշնամական արարքները:

«Պետք չէ պատրանքներ ունենալ, որ այսքան ազնիվ և անձնուրաց ժողովուրդը կհրաժարվի իր փառքից և իրավունքներից… Մենք կարող ենք ինքներս արտադրել սննդամթերք և նյութական ապրանքներ, որոնց կարիքն ունենք… Մեզ պետք չեն կայսրության նվերները»,- ասվում է հոդվածում: