20:55 , 28 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի հարավարեւելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում երկու զինծառայողներ սպանվել, 5-ն էլ ծանր վիրավորվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների կողմից իրագործված պայթյունի արդյունքում:
Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով երկրի զինված ուժերի գլխավոր շտաբին:
«Մարտի 27-ին PKK-ի անդամների կողմից շենքում դրված ինքնաշեն պայթուցիկ սարքի գործադրման հետեւանքով, որտեղ գտնվել են մեր 7 ընկերները, երկու հոգի սպանվել են, 5-ն էլ վիրավորվել են», -հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը:
«Անատոլուն» հաղորդել է, որ այսօր Թուրքիայի ԶՈւ երեք զինծառայողներ վիրավորվել են հարավարեւելյան քրդաբնակ Ուրֆայի նահանգում PKK-ի իրագործած պայթյունի հետեւանքով: Պայթյունը տեղի է ունեցել նահանգի ավտոմայրուղիներից մեկում այն ժամանակ, երբ այնտեղով անցնում էր ռազմական շարասյունը:
Անցյալ շաբաթվա ընթացքում PKK-ի ազատամարտիկների հետ փոխհրաձգությունների արդյունքում Թուրքիայում սպանվել են 8 եւ վիրավորվել 24 զինծառայողներ:
Թուրքիայում PKK-ի հետ զինված հակամարտությունը 2015 թվականի հուլիսից վերսկսվելուց հետո քուրդ ազատամարտիկների հետ բախումներում սպանվել են 300-ից ավելի զինծառայողներ եւ ոստիկաններ:
Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) հայտարարել է, որ թուրքական զինուժի կողմից PKK-ի դեմ գործողություններում զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ: