15:47 , 28 մարտ, 2016
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 200գր
- շոկոլադ կաթնային - 100գր
- կարագ - 50գր
- խտացրած կաթ - 3ճ/գդ
Պատրաստման եղանակ
- 60գր շոկոլադը բաժանում ենք մեծ կտորների և հալեցնում շոգիի վրա: Ձևամանների հատակը և պատերը պատում ենք շոկոլադով, ապա տեղափոխում սառնարան 20րոպեով (կարելի է շոկոլադով պատելու պրոցեսը կատարել մի քանի քայլից, որպեսզի ավելի ամուր ստացվի պանրիկների վրայի այդ շոկոլադե շերտը):
- Կաթնաշոռը հարում ենք խտացրած կաթի և սենյակային ջերմաստիճանում փափկած կարագի հետ: Եթե զգաք, որ կաթնաշոռային զանգվածը չոր է ստացվում, ապա մի քիչ էլ ավելացրեք խտացրած կաթ:
Մնացած 40գր շոկոլադն էլ ենք հալեցնում շոգիի վրա:
Շոկոլադապատ ձևամանները լցնում ենք կաթնաշոռային զանգվածով:

- Կաթնաշոռի վրա տարածում ենք նոր հալեցրած շոկոլադը: Կրկին տեղափոխում ենք ձևամաները սառնարան 20րոպեով վերջնական սառչելու համար:

Ջնարակապատ պանրիկն ամեն անգամ տարբեր դարձնելու համար կարելի է կաթնաշոռային զանգվածի հետ խառնել տարբեր հատապտուղների և մրգերի կտորներ:
Մի փոքր պատմություն:
Ջնարակապատ պանրիկ առաջին անգամ ստեղծել են ԽՍՀՄ-ում՝ 1930-ական թվականներին: Այդ ժամանակից ի վեր այն լայն տարածում է գտել ԱՊՀ երկրներում, մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հունգարիայում՝ “Տուրո Ռուդի” անվան տակ:
Ի դեպ՝
Ներկայումս լուրեր են պտտվում, որ ջնարակապատ պանրիկի պատրաստման ընթացքում գործարաններն օգտագործում են կոկոսի յուղ, որն այնքան էլ առողջարար չէ: Սակայն տան պայմաններում սեփական ձեռքերով պատրաստած այս քաղցրավենիքը ձեր փոքրիկների համար լիովին կարող է փոխարինել պաղպաղակը՝ որպես համեղ ու օգտակար այլընտրանք: