Ժամանակն է դուրս գալ տեղում դոփելու և մեր մտածելակերպի փակ շղթայից


15:20 , 28 մարտ, 2016

Մի քանի նկատառում 4+4+4 ձևաչափի մասին:

1. Այս ձևաչափը հնարավորներից մեկն է` ներկայացնելու տարբեր խմբերի մտահոգությունները ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:

2. Թե ով կմասնակցի հանդիպումներին, չեմ կարևորում: Գնահատականը լինելու է արդյունքը` արդյոք կարողացանք ամրագրել այնպիսի տարբերակ, որը կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Գլխավորը արդյունքի հասնելն է:

3. Մի քանի տասնյակ ՀԿ-ներ իրենց միջից ընտրեցին 4-ին, որոնք, հուսով եմ, մնացածի կարծիքը նույնպես կներկայացնեն: Գլխավորը, որ այդ 4-ին հետո չզուգահեռեն այն սահմանափակման հետ, որը վերաբերվում էր դիտորդների և լրագրողների սահմանափակմանը: Հուսով եմ, որ գործընկերներս բաց կլինեն և կանեն դա պատվով: Իսկ մնացած այլ` հազարավոր ՀԿ-ները միշտ էլ կարող են իրենց առաջարկները ցանկացած այլ պատգամավորի միջոցով դարձնել քննարկման առարկա: Իմ պարագայում, արդեն 2-ը ներկայացրել են և նրանց բոլոր առաջարկները իմ կողմից հնչեցվելու են: Էլի կլինեն, էլի կներկայացնեմ:

4. Իշխանական 4-ը, թե ովքեր կլինեն, կարևոր չէ, բայց գիտենք և տեսել ենք, որ իշխանությունը միատար չէ և նույնպես կարևոր է, որ նրանք էլ բերեն տարբեր կողմերի տարբերակները քննարկման սեղան: Բաց լինելը և լավագույն` բոլորի կողմից ընդունելի տարբերակը կնպաստի արդյունքին հասնելուն` հանրության վստահության բարձրացմանը:

5. թե ովքեր կլինեն ընդիմության 4-ը, նույնպես կարևոր չէ, բացի նրանից, որ էլի նույնպես ներկայացնեն բոլոր ընդդիմադիրների կարծիքները` խորդարանական կամ արտախորհրդարանական: Ով վստահ է իր բանակցային հմտություններին, թող մասնակցի և արդյունք ապահովի: Ընդանրապես 131 պատգամավորներ ունեն հավասար հնարավորություններ ներկայացնելու գրավոր և բանավոր առաջարկներ. կան իրենք այս ձևաչափի մեջ, թե ոչ, չի փոխում իրենց ունեցած գործիքները: Վստահ եմ, որ ցանկության դեպքում, առանց այս ձևաչափի էլ կարելի է հասնել արդյունքի:

6. Վերը նշվածից էլնելով առաջարկվող ֆորմատը լավ է, եթե աշխատի, բայց իր մեջ պարունակում է նաև արհեստական նկարագիր` այս ձևաչափում չեն բոլոր հարցերը լուծվելու, և եթե նույնիսկ այն չկարողանա հասնել ցանկալի արդյունքի, պետք չի թևաթափ լինել: Այլ հնարաորություններ էլ կան: Ժամանակն է դուրս գալ տեղում դոփելու և մեր մտածելակերպի փաք շղթայից: Ես ինքս միշտ կողմնակից եմ եղել, որ մարդիկ կարողանան լսել իրենց առաջարկների վերաբերյալ հակափաստարկները և հաջորդ քայլն անեն` այդ հակափաստարկից ելնելով, ոչ թե կրկնեն նույն պնդումը։ Եթե դու չես կարողանում նոր փաստարկներ բերել ու նոր տարբերակներ առաջարկել ավելի ճկուն ձեւով ու քո տեսակետը կյանքի կոչես, ուրեմն պետք չէ ուրիշին մեղադրել:

Հուսամ, որ սրանից հետո այս հարցի վերաբերյալ իմ լրագրող գործընկերները կներկայացնեն ամբողջական պատասխանս: