09:45 , 28 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նախօրեին նշել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Բերկրառատ օրվա կապակցությամբ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Սուրբ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աշխարհասփյուռ հայությանը փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Պատարագի սրբազան արարողությունն սկսվել է Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորով: Հայրապետական ամպհովանու ներքո քայլում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Ամպհովանին կրում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Հայկ Բուզանդյանը (Սիրիա):
Հայրապետական պատարագին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավորներ:
Արարարողության ընթացքում Նորին Սրբությունը Ս. Հարության տոնի կապակցությամբ հայրապետական իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին:
«Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,
Այսօր` Սուրբ Հարության բերկրալի տոնին, շարականագրի խոսքերով փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ արարածներին կենդանություն պարգևեց:
Քրիստոսի Հարությունը մահվան խավարի մեջ ծագեցրեց լույսը հավիտենության, մարդկանց պարգևեց երկնքի արքայության երանությունը, շնորհը` հարուցյալ կյանքի այս աշխարհում և հանդերձյալում: Քրիստոսի Հարությամբ նոր արարչություն է, նոր մարդկություն, որը մեղքի և մահվան նզովքից ազատ` շնորհի մեջ է Աստծով ապրելու և հավիտենական կյանքին արժանանալու: Առաքյալի խոսքի համաձայն` «հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կոր. Ե 17), քանզի Աստծո Միածին Որդին, Փրկիչ մեր Տերը «կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10): Քրիստոսի Ավետարանը հարության Ավետարանն է, հավիտենության Ավետարանն է, կյանքի Ավետարանն է, որի միջոցով է մեզ հասու Աստծո անսահման սիրո իմացությունը, հոգիները կենդանացնող տերունական ձայնը, Քրիստոսի Հարության ճշմարտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ