Սուրբ Հարության տոնին ընդառաջ
19:44 , 26 մարտ, 2016
Մարդու վրա երկրի օրենքներն ու կառավարման համակարգերը ոչ մի ազդեցություն չեն ունենա, եթե նա ներքնապես պատրաստ չլինի իր քաղաքացիական պարտականությունների կատարմանը: Բոլոր դժբախտություններն ու ձախողումները կյանքում արտահայտվելուց առաջ մեր մեջ են տեղի ունենում՝ ամեն օր հոգով մեռնելով ու մեր մեջ անհոգությամբ Աստծուն սպանելով: Ե՛վ բարիքը, և՛ չարիքը մինչև գործադրվելը մեր հոգու մեջ են ծնունդ առնում: Եթե մեր սրտերի վրա դրել ենք ավելի ծանր քար, քան Հիսուսի գերեզմանի վրա դրվածն էր, եթե մեր սրտի վրայից դեն չենք նետում այդ քարը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեղքը, ուրեմն մեր հոգիներում Քրիստոս դեռևս թաղված է: Եթե շարունակում ենք չհրաժարվել մեր կրքերից ու չար գործերից, ուրեմն մեր հոգիներում Քրիստոս դեռևս խաչված է: Եթե ապրում ենք չարությամբ ու նախանձով, ուրեմն մենք ևս կամակից ենք այն ամբոխին, որ գոչում էր՝ «Խա՛չը հանիր դրան»: Եթե չենք ցանկանում ընդունել Քրիստոսի հարության իրականությունը, ապա դասակից ենք Քրիստոսին խաչողներին, որոնք ԿԱՇԱՌՔՈՎ հարության ճշմարտությունը փոխեցին կեղծիքի տարածման: