ՀՀԿ քաղաքական դպրոցի նպատակը կուսակցությունը առողջացնելն է, նոր կադրերով համալրելը. Է. Շարմազանով


12:52 , 26 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Քաղաքական դպրոց հիմնելու Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշման շուրջ հնչող հեգնանքները ընդունելի չեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա գնահատմամբ՝ դրանք էժանագին են, որովհետև իրենք լուրջ աշխատանք են տանում՝ ստեղծելով քաղաքական դպրոց, ինչպես դա անում են եվրոպական կայացած մի շարք կուսակցություններ:

«Դասական ժողովրդավար երկրներում կուսակցություններին կից կա քաղաքական դպրոց: Նույն Գերմանիայում, Ավստրիայում ազդեցիկ ուժերն ունեն նման դպրոցներ, սա ընդունված պրակտիկա է: Նպատակը մեկն է՝ պատրաստել կուսակցական կադրեր և պարտադիր չէ, որ սովորողները լինեն կուսակցական: Նոր հեծանիվ այստեղ մենք չենք ստեղծում: Վերցրել ենք աշխարհի փորձը»,- շեշտեց Շարմազանովը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր կուսակցություն պետք է մտածի կուսակցությունն ավելի կիրթ, բազմակողմանի զարգացած կադրերով համալրելու մասին:

Անդրադառնալով հարցադրումներին, թե ո՞վքեր պետք է դասավանդեն քաղաքական դպրոցում՝ ՀՀԿ-ական մականունավորնե՞րը, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Էժանագին հեգնանքներին, գնահատականներին պատասխանել չեմ ուզում: Ես լուրջ բաներից եմ խոսում, Դուք… Սա կուսակցական լուրջ դպրոց է, էժանագին բաներից խոսել չեմ ուզում: Կդասավանդեն հրավիրված մասնագետներ, փորձագետներ՝ միջազգային փորձի փոխանակման համար, կդասավանդեն նաև տեղի քաղաքագետները և պարտադիր չէ, որ բոլորը լինեն կուսակցական: Նպատակը կուսակցական դարբնոց ունենալն է, այն կօժանդակի, որ կուսակցությունը նորանոր որակյալ կադրերով համալրվի»:

ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ նախկինում իրենք երիտասարդական կառույցներում նմանատիպ ծրագրեր անցկացրել են՝ հիմնական սեմինարների, հանդիպումների տեսքով, հիմա այս ամենը կկենտրոնացնեն մեկ դպրոցում:

Հարցին՝ ինչո՞ւ է դպրոցը բացվում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, արդյո՞ք կա նպատակ՝ քաղաքական գործընթացներին ծառայեցնելու, Շարմազանովը հերքեց. «Սա կապ չունի: Խորհրդարանական ընտրություններին մենք պատրաստվելու ենք կուսակցության հերթական համագումարից հետո, որը կգումարվի աշնանը: Սա պարզապես քայլ է՝ կուսակցությունը առողջացնելու համար, կարդային բազան ամրապնդելու, կուսակցաշինության համար է: Որպես կենդանի օրգանիզմ կուսակցությունը նոր որակյալ կադրերի կարիք ունի»: