Facebook-ը՝ երեխաների առևանգման միջոց. Բրիտանիայում երկու դեռահասներ են ձերբակալվել


02:50 , 26 մարտ, 2016

Lurer.com–ը գրում է.

Մեծ Բրիտանիայում 17 և 18 տարեկան երկու աղջիկներ փորձել են օգտագործել Facebook–ը երեխաների առևանգելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Դեռահասները սոցցանցում էջ են ստեղծել, որտեղ մայրերին անվճար մանկական հագուստ են առաջարկել: Այս ձևով նրանք փորձել ենք շահել կանանց վստահությունը ու նրանց մասին տվյալներ իմանալ՝ առևանգում կազմակերպելու համար: Բացի դրանից աղջիկներից մեկը որպես սոցաշխատող էր ներկայացել:

Ձախողված առևանգության կազմակերպիչներին ձերբակալել են բրիտանական Դերբիշիր կոմսությունում, երբ մայրերից մեկը ոստիկանություն է ահազանգել: Կնոջը տարօրինակ էր թվացել, որ սոցցաշխատող ներկայացած աղջիկը, որին ինքը խնդրել էր որոշ ժամանակ երեխային խնամել, փորձում էր երեխային տանից դուրս հանել՝ բժշկի տանելու պատրվակով:

Դեռահասներին կալանավորել են՝ Facebook–ում նրանց կասկածելի էջը հայտնաբերելուց մեկ շաբաթ անց: Պարզվել է, որ առևանգման զոհ կարող էին դառնալ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բնակվող երեք երեխաներ: Աղջիկներից մեկը ձերբակալության ժամանակ հղի է ձևացել, ինչը դրդել է ոստիկաններին մտածել, որ նա առևանգված երեխային իր մոտ պահելու մտադրություն ուներ: