Փաստաբանը միջնորդեց ծանուցագիր ուղարկել Պերմյակովի գործով դատակոչված և չներկայացած անձանց


18:08 , 25 մարտ, 2016
Armenpress.am-ը գրում է.
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին փաստաթղթերի հրապարակման փուլում վկաների ցուցմունքները` 6-7 հատոր, չեն հրապարակվել:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոխարենը տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին դատակոչված և չներկայացած վկաների ն ծանուցագիր ուղարկելու վերաբերյալ: Դատակոչված և չներկայացած վկաները յոթն են` ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայողներ, որոնց թվում` Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը: Ըստ փաստաբանի` հաջորդ միջնորդությունը կապված կլինի նրա հետ` արդյոք այդ ծանուցումներից հետո վկաները կներկայանան, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, չներկայանալու դեպքում այդ նույն միջնորդությունը կապված կլինի վկաների  նախնական ցուցմունքների հրապարակման հետ:
 
Մարտի 25-ի դատական նիստին հրապարակվել են ռուսական կողմի հարցաքննության որոշ մանրամասներ: Նշվել է,  որ կան Պերմյակովի կողմից ներկայացված դիմումներ, սակայն դատարանը որոշել է այդ դիմումներն առայժմ չհրապարակել և թողնել մինչև Պերմյակովի ցուցմունքների ավարտը: Փոխարենը հրապարակվեցին հոգեբանական ախտորոշման որոշ տվյալներ, ըստ որոնց, Պերմյակովի մոտ դեպրեսիվ վիճակ և սուիցիդալ երևույթներ չեն հայտնաբերվել: Իր բնորոշմամբ ինքը քիչ շփվող է: Ըստ մասնագիտական եզրակացության` եղել է ֆունկցիոնալ անկայուն վիճակում, անընդհատ անպատեհ ժպտացել է, հարցրին պատասխանել է կարճ` այո կամ ոչ: Ունեցել է կրթական միջին ունակություններ, սակայն մտածողական վերլուծության ֆունկցիոնալ զարգացում: Արարքի հանդեպ թեթև վերաբերմունք է դրսևորել:
 
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
 
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: