16:46 , 25 մարտ, 2016
Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ամերիկացի փորձագետ, Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինը պատմել է Թուրքիայում հնարավոր ռազմական հեղաշրջման մասին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նրա հոդվածը հրապարակվել է Ամերիկյան գործարարության ինստիտուտի կայքում:
Նրա խոսքով՝ Թուրքիայում այժմ ողբալի վիճակ է և գործերն ավելի ու ավելի են վատանում: Խնդիրը ոչ միայն անվտանգության համակարգի խապտումն է՝ ահաբեկչական նոր սպառնալիքի ֆոնին: Ռուբինը թվարկում է երկրի մի շարք այլ ներքին խնդիրներ:
Պետական պարտքը, հնարավոր է, կայուն է, սակայն փոխարենը մասնավոր պարտքը դուրս է գալիս վերահսկողությունից: Զբոսաշրջային բիզնեսը ազատ անկման մեջ է, իսկ թուրքական արժույթի թուլացումը բացասաբար է անդրադարձել գնորդների գնողունակության վրա:
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս «դուրս է եկել վերահսկողությունից»: Նա բանտարկում է հակառակորդներին, ճնշում մամուլին, պալատներ է կառուցում՝ «խելագար սուլթանի» արագությամբ:
Ավելի վաղ Էրդողանը սպառնացել էր լուծարել երկրի Սահմանադրական դատարանը:
«Նրա անսպասելի, էմոցիոնալ բռնկումները տարակուսանք են առաջացնում ինչպես Թուրքիայում, այդպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս»,-նշում է Ռուբինը: Անգամ իշխող կուսակցության անդամները շշուկով խոսում են նրա «խորացող խելացնորության» մասին:
Փորձագետը հիշեցնում է քրդերի հետ հակամարտության մասին. նախ Էրդողանը վերսկսեց բանակցությունները նրանց հետ, հետո դարձյալ պատերազմի գնաց: Անկարան այդ հակամարտության մեջ հաղթելու հույս չունի, իսկ ահա երկրի փաստացի բաժանման հավանականությունը շատ մեծ է. նշում է Ռուբինը:
Թուրքիան հասկանում է, որ Էրդողանը երկիրը դեպի անդունդն է տանում, և թուրք զինվորականները ևս գիտակցում են դա: