Պուտինն ու Քերին քննարկել են Սիրիայում և Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր


23:58 , 24 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
 
Ինչպես հայտնում է РИА Новости-ն,  Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ուրախ է ԱՄՆ ներկայացուցիչների այցելություններին, որոնք անցկացվում են գործարար մթնոլորտում և հնարավորություն են ընձեռում լուրջ հարցերի շուրջ որոշումներ կայացնել:

Պուտինը հույս է հայտնել, որ Ջոն Քերիի այցը թույլ կտա մոտեցնել ՌԴ և ԱՄՆ  դիրքորոշումները Սիրիայում և Ուկրաինայում հակամարտության կարգավորման հետագա քայլերը:

Պուտինն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված գործունեությունը  կարող էր իրականացվել  միայն ամերիկյան ղեկավարության դիրքորոշման շնորհիվ:
 
ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, նշել է, որ թեև շատերն անհնար էին համարում Սիրիայում հրադադարի հաստատումը, դրան հասնել հաջողվել է ռուսական և ամերիկյան կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ: Նրա խոսքով` ԱՄՆ-ն որոշ մտքեր ունի Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը կարգավորելու համար:

Բացի այդ, Քերին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Դոնի Ռոստովում Boeing-ի ավիավթարի կապակցությամբ:

Հանդիպման որոշակի օրակարգ սահմանված չէ, սակայն արտահերթ ուշադրության են արժանացել սիրիական կարգավորման և Մինսկի համաձայնագրի շուրջ քննարկումները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը երկօրյա այցով մարտի 23-24-ը գտնվում է Մոսկվայում: