18:41 , 24 մարտ, 2016
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե Մինսկի խմբի համար առաջնահերթությունը հակամարտության վերջնական կարգավորումն է, ասում է, որ իրենք փորձում են ամեն ինչ անել, բայց դա երկարատև գործընթաց է: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցվող ցանկացած քննադատություն պետք է հասցեական լինի։
-Պարո՛ն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե իրենց համար առաջին նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է: Արդյո՞ք համանախագահների կողմից արվում են անհրաժեշտ քայլեր, որպեսզի վերջնական լուծման մասին լինեն խոսակցություններ:
- Իհարկե, արվում են, արդեն 20 տարուց ավելի է տարվում են այդ աշխատանքները, մենք պետք է հասկանանք, որ դա շատ բարդ և երկարատև գործընթաց է, և մինչև վերջնական կարգավորումը պետք է առնվազն խաղաղություն ու կայունություն կարգավորվի, ապա վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը՝ Արցախի Հանրապետության մասնակցությամբ: Կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջման, իսկ Ադրբեջանի կողմից մենք այդպիսի քայլ չենք տեսնում: Իրենք փորձում են ամեն ինչ անել, բայց սա, նորից եմ կրկնում, երկարատև գործընթաց է:
- Ուորլիքն ասել էր նաև, թե հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են իրենց համար։ «Մեկ տարի առաջ՝ հունվար ամսին, գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր»,- ասել է Ուորլիքը՝ դարձյալ հասցեական չանելով իր խոսքը:
-Մենք ուզում ենք, որպեսզի հասցեական լինի դատապարտումը, և ուշ թե շուտ դա լինելու է: Հասկանում ենք նաև, որ երևի այդպես են անում, որպեսզի էլ ավելի չբարդացնեն իրավիճակը, բայց համոզված եմ, որ բոլորն էլ քաջ տեղյակ են, թե ով է այս հարցում հիմնական պատասխանատուն:
-Օրերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կողմերին կոչ է արել Նովրուզ Բայրամի և Զատկի տոներին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը:
- Ողջունում ենք այդպիսի կոչը: Ի դեպ, դա պաշտոնական Ստեփանակերտի առաջարկն էր, որ արվել էր մի քանի տարի առաջ. ստեղծել կամ ունենալ հանգստյան օրեր, որոնք կարող են լինել հոգևոր տոներ, ազգային, միջազգային տոներ, երբ գոնե չկրակեն, գոնե հրադադարի ռեժիմը չխախտեն: Նրանք ընդունել են այս առաջարկը, ողջունել են, մենք կարծում ենք, որ սա ճիշտ մեսիջ է, և պետք է աշխատել, որպեսզի զինադադարը պահպանվի այդ օրերին:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից:
-Միգուցե նաև քննարկվի ղարաբաղյան հարցը, մենք ողջունում ենք ցանկացած այդպիսի քննարկում, որը հարցի խաղաղ կարգավորմանն է ուղղված: Դրա համար առանձնակի սպասելիքներ էլ չունենք, առանձնակի մտահոգություններ էլ չունենք: