16:48 , 24 մարտ, 2016
Armenpress.am-ը գրում է.
Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` Ռուզաննա Եղնուկյանը, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով, տուժածը գլխի շրջանում վնասվածք է ստացել:
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ տուժածը գտնվում է Շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքում:
«Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած բողոքի ակցիան ի պաշտպանության Գևորգ Սաֆարյանի է: Ակցիայի մասնակիցները միմյանց շղթայակապ փակել են Մաշտոցի պողոտան: Նրանք շղթան գամերով ամրացրել են ասֆալտին: Երբ ոստիկանները փորձել են բացել պողոտան, ակցիայի մասնակիցների միջև սկսվել է հրմշտոց, որի ժամանակ ճակատի հատվածում վնասվածք է ստացել ակտիվիստներից Ռուզաննա Եղնուկյանը: