14:06 , 24 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ պետդեպարտամենը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնում է, Հայաստանում հասարակական տրանսպորտն էժան է, սակայն անվտանգ ու հարմարավետ չէ:
«Միկրոավտոբուսներն այստեղ առավել վտանգավոր են, քան հասարակական տրանսպորտի մյուս տեսակները: Դրանք հաճախ գերբեռնված են ու վատ պահպանված: Չեն պահպանվում անվտանգության ընդհանուր կանոնները, դրանք հաճախ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են դառնում»,-ասված է պետդեպի կայքում:
Այստեղ անուղղակի և ուղղակի մի շարք մեղադրանքներ կան՝ հայ վարորդների, ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև տրանսպորտի ու կապի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների հասցեին:
ԱՄՆ կառավարությունն իր քաղաքացիներին նաև խորհուրդ է տալիս չճամփորդել գիշերով, քանի որ ճանապարհները վատն են. «Բացառությամբ կենտրոնական մի քանի մայրուղիների, հիմնական ճանապարհները վատ վերանորոգված են, որտեղ կարելի է բախվել ասֆալտի մակերեսի ձգվող մեծ փոսերի: Որոշ ճանապարհներ նոր քարտեզների վրա չկան»:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրապարակված տեղեկությունները մեկնաբանելուց զերծ մնաց: Նա ասաց, որ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական էջում էլ հայաստանցի ճամփորդների համար ընդհանուր տեղեկություններ ու խորհուրդներ են հրապարակվել, սակայն առանձին երկրների համար այս պահին նման տեղեկություններ չկան: Առանձին դեպքերում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել դեսպանություն ու ստանալ պատասխաններ:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը Panorama.am-ի հետ զրույցում ՃՈ-ին ուղղված մեղադրանքները չափազանցված համարեց, չբացառեց, որ մի քանի դեպքեր եղել են, սակայն դրանք չպետք է ընդհանրացնել: Նրա խոսքով, երթևեկության կուլտուրայի մակարդակի բարձրացումը տեսանալի է, և դա կարող են փաստել նաև քաղաքացիները:
ԱՄՆ պետդեպը նշում է. «Վարորդները հաճախ են անտեսում երթևեկության կանոնները՝ այդպիսով վտանգավոր վիճակ ստեղծելով ճամփորդների համար: Գիշերը երթևեկելիս հատկապես պետք է ուշադիր լինել: Հետիոտները հաճախ առանց նախազգուշացման, հատում են մութ փողոցը՝ կրելով մուգ հագուստ: Վազանցը գնալով լուրջ խնդիր է դառնում հայաստանյան փողոցներում ու մայրուղիներում: Ագրեսիվության զոհ դառնալու վտանգը նվազեցնելու համար պետք է զիջել նման վարորդներին»:
Տոնոյանն ասաց, որ ՃՈ-ն երթևեկության ցանկացած խախտման ժամանակ հստակ գնահատական է տալիս, դա վարչական իրավախախտում է, և նման յուրաքանչյուր դեպքում արագ արձագանք է տրվում:
«Հայ վարորդներն ագեսիվ չեն, միգուցե ազգային խառնվածքով պայմանավորված կա շտապողականություն, բայց դա ներկայացնել որպես ագրեսիվություն, սխալ մեկնաբանություն է»,-ասաց ՃՈ պաշտոնյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ