Պրոֆեսիոնալ, որակյալ և յուրատիպ. 3 ընկերների ջանքերով հիմնադրված «Պրոֆ Ալ» ընկերությունը 14 տարեկան է


14:03 , 24 մարտ, 2016

«Պրոֆեսիոնալիզմ, որակ, յուրատիպ ճաշակ, հարմարավետություն և հուսալիություն». արդեն տասը տարի այս նշանաբանով է աշխատում «Պրոֆ Ալ» ընկերությունը, որը Հայաստանում ծավալում է բազմատեսակ գործունեություն՝ բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրություն և ոճավորում, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրում և արտադրություն, ինչպես նաև՝ լանդշաֆտային դիզայն:

Ընկերության 14-ամյակի կապակցությամբ «Պրոֆ Ալ» ընկերությունը միջոցառում էր կազմակերպել, որի ժամանակ գործընկերներին ու հաճախորդներին ներկայացվեց նոր ապրանքատեսականին:

«Պրոֆ Ալ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը իր ելույթի ժամանակ մեջբերեց, որ ընկերությունը տարիներ առաջ հիմնվել է 3 ընկերների՝ Դավիթ Սաֆարյանի, Գևորգ Դեմիրճյանի և Մերուժան Ավետիսյանի կողմից. «3 հիմնադիր ընկերների աշխատասիրության և նաև ընկերության ողջ անձնակազմի համախմբվածության շնորհիվ մենք այսօր հասել ենք այս ամենին. հիմնադրման ժամանակ  ընկերությունն ունեցել է 15-20 աշխատակից, հիմա արդեն՝ մոտ 270»:

Ընկերության տնօրեն Արթուր Սահակյանն էլ նշեց, որ թե՛ սպառողները, թե՛ ժամանակակակից տեխնոլոգիաների սրընթաց զարգացման տեմպերը պարտադրում են օր օրի է՛լ ավելի կատարելագործվել և մշտապես ապահովել եվրոպական չափանիշներին համապատասխան կայուն, որակյալ արտադրանք: ««Պրոֆ Ալ»-ն իր պրոֆեսիոնալ աշխատակազմի, աշխատանքային բազմամյա փորձի, գործընկերների շնորհիվ կարողացել է ոչ միայն պահպանել որակը, այլև հուսալի գործընկեր դառնալ Հայաստանի և արտերկրի գործընկերների ու սպառողների համար: Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Ընկերությունը միակն է, որ միաժամանակ համագործակցում է եվրոպական մոտ 50 հայտնի ընկերությունների հետ՝ հանդիսանալով դրանցից մեծ մասի պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում»,- շեշտեց ընկերության տնօրենը:

Ընկերներին շնորհավորելու և նոր ապրանքատեսականուն ծանոթանալու էին եկել նաև մշտական հաճախորդները: Արա Ալեքսանյանը տարիների ընթացքում մշտական հաճախորդից դարձել է հիմնադիրների ընկերը. «Զարմանալի է, որ Հայաստանում երեք ընկեր գործ են անում, այսքան  տարի շատ լավ արդյունքի են հասել ու չեն կռվել: Իրենց ստեղծած ընկերությունն էլ շատ լավն է. մենք տարբեր ծառայություններից ենք օգտվում՝ ապակե գործն էլ են շատ լավ անում, այգի էլ են շատ լավ մշակում: «Պրոֆ Ալ»-ը պրոֆեսիոնալ է և բազմապրոֆիլ»:

Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն էլ շեշտեց, որ ընկերությունը շուկայում ունի իր կայուն տեղը. «Երկար տարիներ աշխատել ենք ընկերության հետ: Շատ պատասխանատու են. իրենց գործն ու խոսքը համապատասխանում են իրար՝ կարողանում են, թե՛ ժամկետի մեջ, թե՛ որակով կատարել այն ամենը, ինչ պայմանավորված էր պայմանագրով կամ բանավոր»:

            

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի