Վերջին ընթրիք և ոտնլվա. մարտի 24-ին Ավագ հինգշաբթի է


12:00 , 24 մարտ, 2016

unnamed (4)Մարտի 24-ին Ավագ հինգշաբթի է՝ «Վերջին ընթրիք»-ի օրը: Ըստ Ավետարանի` այդ օրը հաստատվել է Սբ Հաղորդության խորհուրդը։ Այս օրը եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո կատարվում է ապաշխարողաց կարգ, այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ։ Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս իր աշակերտների հանդեպ։ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:

Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր միայնակ:

«Խավարման» արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության և մեղքերի քավության համար (աղբյուրը՝qahana.am):