10:42 , 24 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Բժշկական ախտորոշումը երբեմն դատավճռի պես է հնչում. եթե հիվանդությունը ծանր է, շատերը հուսալքվում են, հրաժարվում են բուժվել և այդպիսով մահվան դատավճիռ են կայացնում իրենք իրենց համար: Սակայն կյանքի համար պետք է պայքարել:
26-ամյա Մարիամը հոգեբան է, աշխատում է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, 2015թ-ին հիմնադրել է «Տուբերկուլոզը և ես» հասարակական կազմակերպությունը: Արդեն ութ տարի է՝ զբաղվում է տուբերկուլոզի դեմ պայքարով: Այս ընթացքում նա հասցրել է գրել երկու գիտական հոդված տուբերկուլոզի ու այս հիվանդությամբ տառապող մարդկանց հոգեբանության մասին:
Իսկ այդ ամենը սկսվել է այն բանից հետո, երբ Մարիամը բախվեց տուբերկուլոզի հետ: 18 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշեցին այդ հիվանդությունը: Թուլություն, բարձր ջերմություն, հազ, կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավեր, քաշի կորուստ…այս ախտանիշերը նկատելուց հետո Մարիամը դիմեց բժշկի, որից հետո պարզվեց, որ վարակվել է տուբերկուլոզով:
Մարիամը խոստովանում է, որ հիվանդությունը չի կարող ընկճման պատճառ դառնալ, եթե մարդը լավ իրազեկված է, սակայն իր մոտ ի սկզբանե ընկճվածության խնդիր եղել է, որը ժամանակի ընթացքում հաղթահարել է:
Բուժումը տևել է մոտ 2,5 տարի, սակայն, ինչպես Մարիամն է խոստովանում՝ երբեք չի հուսահատվել, այլ ապագայի ծրագրեր է մշակել:
«Բուժման ընթացքում հետաքրքրություն է առաջացել ոլորտի հանդեպ և սկսեցի ավելի հանգամանորեն ուսումնասիրել և խորանալ այդ հիվանդության գաղտնիքների մեջ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամ Ավանեսովան:
Հետագայում նրա մոտ ցանկություն է առաջացել աշխատել տուբերկուլոզով հիվանդների հետ և 4-5 տարի կամավոր այդ գործով զբաղվելուց հետո հրավեր է ստացել աշխատելու Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում՝ որպես հոգեբան: 2015թ-ին հիմնադրել է «Տուբերկուլոզը և ես» ՀԿ-ն, որը զբաղվում է տուբերկուլոզով հիվանդների սոցիալ-հոգեբանական հարցերով, նրանց իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ:
Մարիամն ասում է, որ տուբերկուլոզով շատ հիվանդներ դեռևս ձգտում են իրենց հիվանդությունը գաղտնի պահել` հասարակության խարանից խուսափելու համար:
«Այսօր մենք դեռ կարծրատիպեր կոտրելու խնդիր ունենք, մարդիկ հիվանդությունը թաքցնելով փորձում են խուսափել տհաճ միջադեպերից, բայց տուբերկուլոզը համարվում է բուժելի հիվանդություն և ժամանակն է այդ մասին խոսենք ազատ, ինչպես բոլոր հիվանդությունների մասին»,- նշեց նա:
Մարիամը ոչ միայն չի լռում, այլև սեփական օրինակով փորձում է ցույց տալ, թե ինչպես պետք է հաղթահարել այս հիվանդությունը: Այսօր Մարիամը զբաղվում է սիրած աշխատանքով, շուտով էլ կմայրանա:
Նշենք, որ տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ նշվում է ամեն տարի մարտի 24-ին՝ այն օրը, երբ 1882-ին գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցիչի իր բացահայտման մասին:
Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այս վարակը` տուբերկուլոզը, լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին: Բուժման խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է ենթադրում:
Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: Այն շարունակում է տարեկան մոտ 1.5 մլն կյանք խլել, և հաճախ թիրախ են դառնում բնակչության առավել խոցելի խմբերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ