Բրյուսելի ահաբեկչությունների կասկածյալ Լաաշրաուիին հայտնաբերել են մահապարտների մեջ


10:00 , 24 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Նաջիմ Լաաշրաուիին, ում համարում են Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպման գործով գլխավոր կասկածյալ, հայտնաբերել են մահապարտների մեջ, ովքեր պայթեցրել են իրենց քաղաքի օդանավակայանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, Լաաշրաուիի ինքնությունը հաջողվել է պարզել գենետիկ փորձաքննության շնորհիվ։ Համարվում է, որ հենց նա է պատրաստել ռումբերը, որոնք օգտագործել են մահապարտներն ինչպես Բրյուսելում, այնպես էլ Փարիզում՝ նոյեմբերի 13-ին։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լաաշրաուին պայթյուններից հետո կարողացել է փախչել՝ թողնելով իր ռումբն օդանավակայանում: Չորեքշաբթի օրը ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին հայտնվել նրա ձերբակալության մասին, այնուհետ դրանք հերքվել էին։

 

Այժմ պարզվել է, որ նա եղել է երեք մահապարտներից մեկը: Մյուս երկուսի ինքնությունը նույնպես հայտնի է՝ նրանք եղբայրներ Խալիդ և Իբրահիմ Բաքրաուիներն են: Քննությունը կարծում է, որ Խալիդ Բաքրաուին պայթեցրել է ռումբը մետրոյում, իսկ նրա եղբայրը և Լաաշրաուին պայթեցրել են իրենց օդանավակայանում:

 

Միևնույն ժամանակ, ոստիկանությունը համոզված է, որ մահապարտներն ունեցել են ևս մի հանցակից, որն օդանավակայանում թողել է մահապարտի իր գոտին, որն ավելի ուշ վնասազերծել են սակրավորները։ Նրա ինքնությունը հայտնի չէ:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: