09:50 , 24 մարտ, 2016
«Ինչպես հայտնի է՝ մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները։ Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր հայտարարվել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը։ Երեկ առավոտյան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շտապեց Գորիս։
Հիշեցնենք, որ մարտի 8-ի երեկոյան Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ծեծի էր ենթարկել իր տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբորը՝ Արթուր Գևորգյանին։
«Ժողովուրդ»–ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ոստիկանության Սյունիքի մարզի իրավապահների ներկայությամբ կայացած քննարկման ընթացքում ՀՀ փոխոստիկանապետը գովեստի խոսքեր է ասել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասին։ Նա, իհարկե, չի արդարացրել Ազիզյանի արարքը, բայց միաժամանակ տարակուսանք է հայտնել, թե ինչու է Ազիզյանը նման վարքագիծ դրսևորել։ Պողոսյանն ասել է, որ Գորիսի բաժնի պետի տեղակալին աշխատանքից չեն հեռացրել այս միջադեպի արդյունքում։ Իսկ թե ինչու են իրականում հեռացրել, չի մանրամասնել։ Բայց ոստիկանապետ Ազիզյանն արդեն հավաքել է իրերը։
Նկատենք, որ Հունան Պողոսյանի այցը պայմանավորված էր նաև Սյունիքում կատարված կադրային մեկ այլ փոփոխության հետ։ Ոստիկանության Մեղրիի բաժնում ևս նոր պետ է նշանակվել՝ Վարդան Ծատրյանը, որը նախկինում զբաղեցրել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Ինչ արդյունք կտան այս փոփոխություններ, ցույց կտա ժամանակը։ Թերևս բոլոր տեղափոխություններն իրականում մեկ նպատակ ունեն, ոստիկաններին դուրս հանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցության ոլորտից։
Հավելենք, որ մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանում կքննվի Գորիսի ոստիկանապետի տեղակալի՝ Մուշեղ Գևորգյանի ծեծված եղբոր կալանքի հարցը։ Այդ օրը կպարզվի՝ արդյո՞ք նրան գրավի դիմաց ազատ կարձակեն, թե կալանքի որոշումը կմնա անխոխոխ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։