09:40 , 24 մարտ, 2016
Թուրքիայի իշխանությունները բրյուսելյան օդանավակայանում իրեն պայթեցրած Իբրահիմ էլ Բակրաուիին արտահանձնել են ոչ թե Բելգիա, այլ Նիդերլանդներ՝ հայտարարել է Բելգիայի արդարադատության նախարար Կուն Գենսը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նա նաև նշել է, որ Բելգիայի իշխանությունները տվյալներ չեն ունեցել ահաբեկիչների հետ Բակրաուիի կապերի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի դատախազությունը հերքել է Էրդողանի խոսքերը ահաբեկիչներից մեկի արտաքսման մասին։
Գենսը նշել է, որ այդ պահին Բակրաուին հայտնի չի եղել իրենց որպես ահաբեկչության մեջ կասկածվող։
Էրդողանի խոսքով՝ նրան ձերբակալել էին Գազիանտեպում և 2015-ի հուլիսի 14-ին սկսել արտաքսման ընթացակարգը։ Նա նշել է, որ ձերբակալվածի ցանկությամբ իրեն արտաքսել են Հոլանդիա։
Բակրաուին Բելգիայում եղել է պայմանական ազատ արձակված, որտեղ 2010 թվականին դատապարտվել էր զինված բանդիտիզմի և ձերբակալությանը դիմադրություն ցույց տալու համար։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա ոստիկաններին կրակել էր Կալաշնիկով ինքնաձիգից, ինչի համար 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Սակայն դա նրան չէր խանգարել 2014 թվականին օրինակելի վարքի համար վաղաժամ ազատ արձակվել, որից հետո ուղևորվել էր Սիրիա։