Խեղկատակության է վերածվում. քաղաքագետը՝ «Նոր Հայաստան»-ի իշխանափոխության երրորդ փորձի մասին


18:42 , 23 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից իշխանափոխության իրականացման երրորդ փորձի ճանապարհային քարտեզը տապալվելու է: Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը նշեց, որ այսպիսով «Նոր Հայաստան»-ն անլրջանում է ու կոտրում հանրության մեջ իշխանափոխության նկատմամբ հավատը:

«Շատ կուզեմ, որ այն ընդդիմադիրները, որոնք ի սրտե պայքարում են գործող իշխանության դեմ, մի քիչ ավելի համեստ լինեն իրենց հայտարարությունների մեջ, չարժեզրկեն իշխանափոխություն, հեղափոխություն կոչված երևույթները: Երբ մարդ ամեն օր իշխանափոխության կոչ է անում, ժամկետներ հնչեցնում, որ այ վաղը հենց վաղը հեղափոխություն է լինելու, դրանով արժեզրկում է այդ ամենը: Պայքարում են իշխանությունների դեմ՝ լավ են անում, բայց ինչու են արժեզրկում իրենց իսկ պայքարը: Հինգ տասը հոգով ամեն օր իշխանափոխություն են ասում, հիմա էլ ասում են՝ երրորդ փորձը, երրորդ փուլը: Այդ առաջին, երկրորդ փուլի ժամանակ ի՞նչ արեցին, որ հիմա էլ անցան երրորդին»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը նշեց, որ «Նոր Հայաստան»-ն այլևս անլուրջ է ընկալվում, ավելին՝ արժեզրկում է ընդդիմության ինստիտուտը: «Այս ամենը խեղկատակության է վերածվում, չի կարելի»,- շեշտեց նա: