Սիրիական բանակը վերականգնել է Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ հսկողությունը


17:16 , 23 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Սիրիական կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրա (Թադմոր) քաղաքի պատմական մասում, հայտնում է РИА Новости գործակալությունը։
 
«Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել պատմական Թադմոր քաղաքում»,-հայտարարել է բրիգադային մի գեներալ։ Նա ընդգծել է, որ դրա համար ավիահարվածներ պետք չեն եղել։
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ Սիրիայից վերադարձած ռուս զինծառայողների հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ սիրիական Պալմիրան շուտով կազատագրվի «Իսլամական պետության» զինյալներից։
 
ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը հայտարարել էր, որ Սիրիայի բանակը կարողացել է նախապատրաստվել Պալմիրայի ազատագրմանը ՌԴ-ի ավիատիեզերական ուժերի աջակցությամբ։
 
Պալմիրայի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված 6 օբյեկտներից մեկն են։ Այն զինյալների վերահսկողության տակ էր հայտնվել անցյալ տարվա մայիսի կեսերին։ Քաղաքը թողնելուց առաջ սիրիական բանակը տարհանել էր դրա բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի թանկարժեք պատմական նմուշների մի մասը։ Քաղաքի գրավումից հետո ոչնչացման վտանգի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները։